Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի և Նուբարաշեն նստավայրում շարունակվում է «Ոտքի՛, Հայաստա՛ն» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Անդրիաս Ղուկասյանի դատավարությունը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:
Այսօրվա դատական նիստին հարցաքննվեց անչափահաս վկա Տիգրան Մկրտչյանը: 16-ամյա վկան դատարան էր ներկայացել մոր հետ:
Վկան հայտնեց, որ պատահական է միացել Սարի թաղի ցուցարարներին, հատուկ նպատակ չի ունեցել, ուղղակի տատիկի տուն գնալու ճանապարհին հետաքրքրությունից դրդված միացել է ցուցարարներին:
«Ընթացքում ոստիկանները նռնակներ նետեցին, իսկ ես վախեցած վազեցի ու մտա անծանոթ տներից մեկը: Հետո զգացի, որ ոտքս կտորներ են մտել, ինչից հետո շտապօգնությունը եկավ և ինձ տարավ»:
Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի հարցին,թե ինչից հետո սկսեցին ոստիկանները նռնակներ նետել, վկան ասաց. «Մահակներով մարդիկ անցան ոստիկանների թիկունքը, ինչից հետո ոստիկանները նռնակներ նետեցին. թե ովքեր էին այդ անձիք, ես չգիտեմ»:
Պաշտպանի հարցին, թե ինքն արդյոք ագրեսիվ էր տրամադրված, վկան պատասխանեց, որ երբ նռնակներ են նետել, արդեն սկսել է ագրեսիվ լինել:
Հարցին, թե հայհոյողներ կային, և ովքեր էին հայհոյում, Տիգրան Մկրտչյանն ասաց, որ թե որոշ ոստիկաններ, թե ցուցարարներ փոխադարձ հայհոյանքներ հնչեցրել են:
Դատավորի հարցին, թե ձեր էությամբ ոստիկաններին սիրում եք, վկան պատասխանեց. «Դե նորմալ, էլի»:
Վկան նաև հայտնեց, որ քաղաքացիական հագուստով մարդկանց ևս տեսել է. Անդրիաս Ղուկասյանի հարցին, թե հետագայում այդ մարդկանց տեսել է, վկան բացասական պատասխան տվեց:
Հարցին, թե Սարի թաղի այդ տնից ոստիկանները քաղաքացիների բերման ենթարկել են, Մկրտչյանն ասաց՝ ոչ:
Հարցին, թե երբ են ցուցարարները սկսել քարեր նետել, վկան պատասխանեց.
«Քարեր նետելը եղել է և՛ կրակելուց առաջ, և՛ կրակելուց հետո, իսկ կրակոցները եղան այն ժամանակ, երբ մահակներով մարդիկ անցան ոստիկանների թիկունքը»:
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հարցին, թե որքան հեռավորության վրա է եղել, որ լսել է, որ ոստիկանները հայհոյել են, վկան ասաց. «100 մետր հեռավորության վրա եմ եղել, և իրենք, որ լսում էին քաղաքացիների հայհոյանքը, նույնպես հայհոյում էին: Խմբակային չէին հայհոյում, բայց որոշ ոստիկաններ հայհոյում էին»:
Դատախազի հարցին,թե նախաքննական ցուցմունքում ինչու չի նշել, որ ոստիկանները հայհոյել են, Տիգրան Մկրտչյանն ասաց. «Վախեցել եմ. մի բան ասեի` իրենց սրտով չլիներ, ծեծեին»:
Դատավորի ճշտող հարցին, թե որևէ մեկն իր վրա ճնշում գործադրել է, կամ քննիչը նրա խոսքը փոխել է, կամ դատարանում իրեն ճնշված զգում է, Տիգրան Մուկուչյանն ասաց.«Ինձ չեն ճնշել, խոսքս փոխած չէ»:
Վկան հավելեց, որ ավելացնելու այլ բան չունի. նրա հարցաքննությունն ավարտվեց:
Հիշեցնենք, որ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, հուլիսյան դեպքերի ժամանակ Մ. Խորենացի փողոցում ՀՀ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված զինված խմբին միանալու փորձի, ինչպես նաև «զինվելու, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրելու, պահելու և խմբի անդամների հետ համակատարմամբ զավթած ու պատանդներին պահելու փորձերի մեջ», սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել` իր կամքից անկախ հանգամանքներով:
Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանի գործողություններից տուժել է 36 անձ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 225-րդ հոդվածի 1-ին մասի, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
tert.am