«2018 թ. իրադարձությունների մի կարևոր դրվագ՝ ականատես-մասնակցի աչքով. ինչպես Կարեն Կարապետյանը (չ)առաջադրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում»,-գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով նախագահ Քոչարյանի երկվա հարցազրույցի այն դրվագներին, որոնք վերաբերում էին 2018 թ. իշխանափոխությանը:
«Նախագահ Քոչարյանի հարցազրույցն իսկապես կարևոր էր: Հատկապես այն դրվագները, որոնք վերաբերում էին 2018 թ. իշխանափոխությանը: Նախագահ Քոչարյանը հղում կատարեց որոշ «խոհանոցային խոսակցությունների», որոնք վերաբերում էին 2018 թ. իշխանափոխությանը ու ինչից շատերն անտեղյակ լինելով, խոսում են»,-նախաբանում գրել էր Սամվել Ֆարմանյանը, ապա ամբողջական ներկայացրել իրադարձությունները՝ որպես ականատես։
2018 թ. իրադարձությունների մի կարևոր դրվագ ականատես-մասնակցի աչքով. ինչպես Կարեն Կարապետյանը (չ)առաջադրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում ***** Համաժողովրդական շարժման ճնշման տակ ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո երկու-երեք անգամ հավաքվեցինք ՀՀ վարչապետի կեցավայրում: Դուք այն անվանում եք «դաչեք»: Այդ հանդիպումներից առաջինին ներկա էին ՀՀԿ Գործադիր մարմնի անդամները՝ 20-21 հոգի, մյուսներին, արդեն բացօթյա միջավայրում, նաև ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորները: Առաջին հանդիպման ժամանակ Սարգսյանն ինքը նախ համառոտ ներկայացրեց ստեղծված իրավիճակն ու իր հրաժարականին նախորդած քննարկումները, ապա հորդորեց-խնդրեց բոլորին համախմբվել առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի շուրջ և ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել հենց Կարապետյանին: Իր հրաժարականից հետո, Կարապետյանը մնացել էր վարչապետի փաստացի պաշտոնակատար ու այդ դերում հասցրել էր կառավարության արտահերթ նիստ հրավիրել, էական դերակատարում էր ունեցել նախորդ օրերին երկրում ստեղծված գերլարված իրավիճակի մասնակի լիցքաթափման գործում՝ Նիկոլի, Արարատի ու Սասունի ազատ արձակում ՁՊՎ-ից, Գլխավոր դատախազի կողմից Փաշինյանին ու մյուսներին առաջադրված մեղադրանքների հետ քաշում խոհրդարանից, Սարգսյանի հրաժարական և այլն, իսկ 2017 թ. խորհրդարանական ընտրություններում դարձել էր կուսակցության քարոզչության առաջատար դեմքը: Ըստ այդմ, որևէ մեկի մոտ հարց չէր առաջանում, որ Սարգսյանի հրաժարականից հետո հենց Կարեն Կարապետյանին էր պետք առաջադրել վարչապետի պաշտոնում: Այդպես էլ եղավ: Սարգսյանի կողմից առաջադրվելուց հետո արտահայտվեցին ԳՄ գրեթե բոլոր անդամները: Նաև Կարապետյանը՝ տալով իր համաձայնությունն ու իր հերթին թիմին կոչ անելով լինել միասնական ու լավատես, իրեն բնորոշ կերպով վստահեցնեով, որ ամեն ինչ լավ է լինելու: Բոլորի տեսակետը նույնական էր՝ ստեղծված իրավիճակում պետք է չտրվել հանրային ահագնացող ճնշմանն ու շանտաժին, առաջադրել ու խորհրդարանում վարչապետ ընտրել հենց Կարապետյանին: Որոշվեց, որ այդ մասին կտարածվի նաև մամուլի հաղորդագրություն: Եթե ճիշտ եմ հիշում, այդ հաղորդագրության տեքստը նոթբուքով հավաքում էր Արփինե Հովհաննիսյանը՝ ծնկներին դրած, ես էլ օգնում էի շարադրել-խմբագրել այդ տեքստը: Հիշում եմ, որ ԳՄ անդամներից մեկն անգամ առաջարկեց Սերժ Սարգսյանին հրաժարական տալ նաև ՀՀԿ կուսակցության նախագահի պաշտոնից, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չմնա, որ և՛ իշխանության և՛ կուսակցության կառավարման բոլոր լծակներն անցնում են Կարեն Կարապետյանին: Նա կուսակցության առաջին փոխնախագահն էր այդ պահին: Սարգսյանն արագ տվեց իր համաձայնությունը՝ հրաժարական տալ նաև ՀՀԿ նախագահի պաշտոնից: Զրույցին միջամտեց Կարեն Կարապետյանը և ասաց, որ դրա կարիքը չկա՝ պետք չի: Անկեղծորեն, ինձ համար զուտ մարդկայնորեն, էմոցիոնալ ու բարոյական առումով գնահատելի էր Կարապետյանի նման դիրքորոշումն այդ պահին: Թեև Սարգսյանի հրաժարականի տեքստի խմբագրման նախապատմությունը, ինչին տեղեկանալու էի հետո, կարող էր և վկայել այլ բանի մասին. Կարապետյանն այդ պահին հավանաբար ձեռնտու չէր համարում հանրային ընկալումներում իր էլ ավելի մեծ մտազուգորդումը ՀՀԿ-ի հետ: Հետո արդեն, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի ու համաժողովրդական շարժման կողմից ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորների հանդեպ գործադրվող անմարդկային ճնշումը (հիմա բոլորը պրոֆեսորի դեմքով հետահայաց խորհուրդներ են տալիս, բայց այդ օրերին մատների վրա կգտնեիր մարդկանց՝ ընկեր, բարեկամ, հարազատ ու թիմակից, որ մեզ «դուխ» կանեին հրապարակայնորեն անգամ բարևել կամ հեռախոսազանգ անել), նաև այն, որ ՀՀԿ խմբակցությունում կային շա՜տ տարբեր պատգամավորներ՝ ամենատարբեր շահեր ու կապեր ունեցող, որոնց համախմբում էր նաև Սարգսյանի անձի հանդեպ հարգանք-երախտագիտությունը, «դաչեք»-ում որոշում կայացվեց, որ Սարգսյանը կգա խորհրդարան ու անձամբ կհանդիպի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից ամեն մեկի հետ՝ առանձին-առանձին: Սարգսյանը նրանց փոխանցելու էր կուսակցության որոշումը՝ վարչապետի պաշտոնում առաջադրում ենք Կարեն Կարապետյանին: Ապա, որպես կուսակցության ղեկավար, նրանցից յուրաքանչյուրին բացատրելու, որոշներին նաև համոզելու ու «ստիպելու», որ ստեղծված իրավիճակում, պետք է մեկ մարդու նման ներկայանալ ԱԺ այդ նիստին ու քվեարկել Կարեն Կարապետյանի օգտին: Ես հիշում եմ, որ այդ ժամերին շրջանառվում էր ՀՀԿ մեկ-երկու պատգամավորի անուն, որոնք Կարապետյանի հետ ունեցած անձնական ինչ-ինչ խնդիրների բերումով՝ այստեղ-այնտեղ կիսաձայն արտահայտվել էին, թե խնդիր են տեսնում Կարապետյանի թեկնածության հետ, ու Սարգսյանի այցի իմաստը նաև հենց նման պատգամավորներին սաստելն էր, այդ օջախը մարելը: Այդ օրերին, երբ Սարգսյանն արդեն հրաժարական էր տվել, կհիշեք, որ Փաշինյանն ու շարժման մյուս առաջնորդներն արդեն կապեր էին որոնում մեծամասնության պատգամավորների հետ, հայտարարում, որ այս կամ այն պատգամավորը «միանալու է ժողովրդական շարժմանը»: ԱԺ նախագահի առանձնասենյակում Սարգսյանը մեկ առ մեկ հանդիպեց ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորների հետ: Մինչ այդ Սարգսյանը համառոտ խոսեց ստեղծված իրավիճակի մասին՝ բոլորի ներկայությամբ: Հենց այս հանդիպման ժամանակ էր, որ ես երկրորդ անգամ Սարգսյանի աչքերում արցունք տեսա: Այդ մասին իմ գրքում գրել եմ: Հետո արդեն բոլոր պատգամավորները առանձին-առանձին մտան ԱԺ նախագահի առանձնասենյակ ու խոսեցին Սարգսյանի հետ: Յուրաքանչյուրը մոտ կես ժամ: Առավոտյան 6:30 ավարտվեց: Դե կպատկերացնեք, թե որքան լարված էինք ինքներս՝ պատգամավորներս: Մեկս մյուսին, բնական է, հարցուփորձ էինք անում՝ ի՞նչ ասաց, ի՞նչ խոսեցիք: Բոլոր՝ իմ զրուցակից բոլոր գործընկերները Սարգսյանի հետ հանդիպումից դուրս գալուց հետո ասում էին նույնը՝ կոչ, խնդրանք, հորդոր՝ չնայած բոլոր բարդություններին ու հանրային ճնշմանը, համախմբվել Կարապետյանի շուրջ, մեկ մարդու նման ներկայանալ ԱԺ գալիք նիստին ու քվեարկել Կարապետյանի օգտին: Հիշում եմ Սարգսյանի հետ իմ այդ զրույցից մի էպիզոդ: Ասաց՝ պատերազմն է, որ ստուգում է զինվորականի քաջությունը: Ակնարկը թափանցիկ էր: Մեկ այլ անմոռաց դրվագ էլ եղավ՝ շատ անձնական հուշեր են: Մինչ այդ, նույն «դաչեք»-ում հերթական քննարկումներից մեկից հետո, երբ կարծեմ Սարգսյանն ուշ երեկոյան գնաց Ծիծեռբակաբերդ՝ ապրիլի 24-ն էր, մենք՝ ԳՄ անդամներս, մնացինք այնտեղ: Արդեն ոչ ֆորմալ միջավայրում շարունակում էինք քննարկումները: Ոտքի վրա: Դրսում իրավիճակը շատ լարված էր: Չէր հանդարտվում: Բոլորս դա զգում էինք, գիտեինք: Բայց ինչպես նման իրավիճակներում է լինում, կար հույս, որ առավել բարձրաստիճան դերակատարները մի բան ավելին գիտեն: Ինձ մոտ ևս: Ու զուտ այդ հետաքրքրություն-անհանգստությունից դրդված, ստացվեց այնպես, որ մի պահ առանձնացանք Կարեն Կարապետյանի հետ: Հարցս պարզ էր՝ ստեղծված իրավիճակում, տեսնու՞մ է հնարավորություն իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու համար: Պատասխանն այդ պահին հաճելի, սպասելի ու ինձ գոհացնող էր: Չէի կարող չվստահել: Նա ասաց. «ամեն ինչ կոնտրոլի տակ է: Որևէ պրոբլեմ չկա: Շուտով հեռախոսով կխոսեմ նաև Պուտինի հետ, ու ամեն ինչ կավարտվի»: Չէի կարող ոչ կասկածել, ոչ չհավատալ: Անկեղծ ասած, այդ պահից սկսած ինքս ներքուստ հանգիստ էի. մտածում էի՝ նա տեսնում է, գիտի մի բան ավելին: Իսկապես, ապրիլի 26-ին տեղի ունեցավ Կարապետյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Պուտինի հետ: Այդ մասին տարածվեց մամուլի հաղորդագրություն: Ես, վստահ եմ, որ շատերն էլ ինձ նման, մտածում էին, որ դրանից հետո ամեն բան կվերադառնա իր բնականոն հուն ու ստեղծված լարված իրավիճակը քայլ առ քայլ կլիցքաթափվի: Սարգսյանն արդեն հրաժարական էր տվել, Նիկոլն արդեն դրսում էր, Կարապետյանն էլ խոսել էր ՌԴ նախագահի հետ, առաջադրվել էր: Ի զարմանս ինձ ու շատերին, դրա հաջորդ օրը Փաշինյանը սրեց իրավիճակը՝ կրկին գնաց Մարիոթ հյուրանոց, իբր արդեն Կարապետյանի հետ երես առ երես հանդիպելու համար, ինչպես ինքը հայտարարել էր: Մինչ այդ Կարապետյանը մեզ ասաց, որ իմաստ չի տեսնում ներկայանալ այդ հանդիպմանը: Մնացածը գիտեք՝ Նիկոլը հետո ասաց, որ ինքն է առաջադրվելու, կամ ինքը կլինի վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չի ունենա և այլն: Ես ականատեսի աչքով չգիտեմ, թե ինչեր են տեղի ունեցել վարագույրների հետևում այդ ընթացքում հիմնական դերակատարների մասնակցությամբ: Ինձ փոխանցված տարբեր աղբյուրներից գիտեմ, որ Կարապետյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից նախ հավաստիացել էր, թե արդյո՞ք հնարավոր է խաղաղ եղանակով՝ առանց արյան, երկրում վերականգնել հասարակական կարգը, և հավաստիանալուց հետո, որ այո՝ հնարավոր է, կարգադրել էր Գասպարյանին անել դա: Ոստիկանապետը, հավանաբար, ինքն իրեն ապահովագրելով հնարավոր հետևանքների քաղաքական պատասխանատվությունից, խնդրել էր գրավոր ձևակերպել այդ հանձնարարությունը, ինչը Կարապետյանը չէր արել: Հավանաբար իր հերթին մտահոգ լինելով, որ ոստիկանական հնարավոր գործողությունների ժամանակ կարող են զոհեր լինել: Նորից եմ կրկնում՝ առաջին ձեռքից մինչ օրս չգիտեմ, թե որքանով է այս ամենը ճիշտ, բայց ես այն լսել եմ միմյանցից տարբեր աղբյուրներից, բայց հաջորդող օրը, ինձ ու երևի շատերի համար զարմանալիորեն, Կարեն Կարապետյանը ԳՄ հերթական նիստում ասաց, որ ստեղծված իրավիճակում չի առաջադրվելու ՀՀ վարչապետի պաշտոնում: Երկրում իրավիճակը լիցքաթափվելու փոխարեն գնալով էլ ավելի էր սրվում: Ես հասկանում եմ, որ այսօրվա հեռվից,Նիկոլի բերած աղետը վերապրելուց հետո, կարող է շատերին ծիծաղելի թվալ, բայց Կարեն Կարապետյանն իր այդ որոշումը՝ չառաջադրվել վարչապետի պաշտոնում, պայմանավորեց ընտանիքի կողմից իր վրա նախորդ օրը գործադրված լրջագույն ճնշմամբ: Անգամ հիշում եմ բառացի պատճառաբանումը՝ «դուռը փակել էին, դնելով կամընտրանքի առաջ՝ կամ մենք կամ այդ ամենը»: Ընդ որում, հիմա՝ ժամանակի հեռվից, առյուծի կաթ խմած շատ ինքնակոչ ռեմբոներ կարող են Կարապետյանին մեղադրել թուլություն դրսևորելու մեջ, բայց, հավաստում եմ, որ հանրային ճնշումն այդ օրերին իսկապես անմարդկային էր: Վստահ եմ, այդ ճնշումը չէր շրջանցել նաև Կարապետյանի ընտանիքը: Ահա, նման իրավիճակում, երբ մի կողմից երեկվա գլխատված իշխանությունն էր՝ Սարգսյանը հրաժարական էր տվել, հետո առաջադրվել ու արդեն հետ էր քաշվել Կարեն Կարապետյանը, մյուս կողմից՝ իր գրանցած այդ հաջողություններից գերոգևորված ժողովրդական շարժումն ու անզուսպ, իշխանատենչ Փաշինյանը, գործընթացներում այլևս անթաքույց ներգրավված ու գործընկերային կարմիր գծերը հատած աշխարհաքաղաքական կենտրոններն ու ուժերը, բացաձակ իրատեսական չէր ՀՀԿ խմբակցությունից որևէ մեկի առաջադրումը: Ես որպես ականատես կարող եմ հավաստել, որ Կարապետյանի հետ քաշվելուց հետո այդ հարցը ևս քննակվել է՝ չի եղել ոչ մի առաջադրում, ոչ մի ինքնառաջադրում: Հանուն ճշմարտության, միայն երջանկահիշատակ Արտաշես Գեղամյանն էր առանձին պատգամավորների կիսաձայն ասում, որ ինքը պատրաստ է ստանձնել պատասխանատվությունը, ինչն այդ իրավիճակում, համաձայնվեք, անիրականանալի էր: Ինքներս մեզ ժամանակի հեռվից չխաբենք՝ անիրատեսական էր: Տարբեր պատճառներով: Ահա այդ իրավիճակում ՀՀԿ ԳՄ-ն կայացրեց որոշում, որ մայիսի 1-ի նիստում դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Այդպես էլ եղավ, չնայած հանրային ահռելի ճնշմանը. պատգամավորներից շատերն այդ քվեարկությանը եկել էին մետրոյով: Հետո արդեն կհիշեք՝ դագաղներ, սև ժապավեններ, ՀՀԿ պատգամավորներն ընդդեմ հայ ժողովրդի կարգախոսը և այլն: Դրանից հետո եղած հաշվարկն այն էր, որ մինչև մայիսի 8-ի կրկնակի քվեարկությունը, խորհրդարանական մյուս երկու՝ «Բարգավաճ Հայաստան» և «ՀՅԴ» խմբակցություններն ունենան հնարավորություն՝ առաջադրելու վարչապետի սեփական՝ այլընտրանքային թեկնածու, ում կսատարեր նաև ՀՀԿ խմբակցությունը: Այդ մասին երկու խմբակցություններն էլ գիտեին: Ամենաբարձր մակարդակով: Այդ ընթացքում, խորհրդարանում խոսակցություններ տարածվեցին, որ ԲՀԿ-ն կարող է առաջադրել Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը: Եթե հիշում եք, Ծառուկյանի այցը Մոսկվա հենց այդ լույսի ներքո էր ներկայացվում ու ընկալվում: ՀՀԿ խմբակցությունում ևս այդ սպասումներն էին: Մինչ այդ, տեղյակ եմ, որ շրջանցելով փողոցային շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, վարչապետի պաշտոնում առաջադրվելու ու ընտրվելու սեփական հնարավորությունն էր խորհրդարանական խմբակցությունների հետ տնտղել գործարար Խաչատուր Սուքիասյանը: Հետո արդեն, հիշում եք, Ծառուկյանը վերադարձավ Մոսկվայից ու Մարիոթ հյուրանոցի դիմաց հայտարարեց, որ ԲՀԿ-ն աջակցելու է ժողովրդի թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին: Հետո արդեն եկավ մայիսի 8-ը: Վարչապետի միակ թեկնածուն Նիկոլն էր, որ պաշտոնապես առաջադրվեց Ելք, ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունների կողմից: Ու ստեղծված իրավիճակում՝ թեկնածուի ու ներքաղաքական լարվածության հանգուցալուծման այլընտրանքի բացակայության պայմաններում (ՀՀԿ որոշ պատգամավորներ, հատկապես գործարարներ, հանրային ճնշման թելադրանքով ու սեփական հաշվարկներից ելնելով, այդ ընթացքում արդեն կողմնորոշվել էին՝ քվեարկելու Փաշինյանի օգտին, իսկ Ֆելիքս Ցոլակյանը դեռ մայիսի 1-ի քվեարկության ժամանակ էր կողմ քվեարկել Նիկոլի թեկնածությանը), Երևանից դուրս տեղի ունեցած խմբակցության հանդիպման ժամանակ որոշվեց, որ ՀՀԿ խմբակցության որոշ պատգամավորներ կողմ կքվեարկեն Փաշինյանի թեկնածությանը՝ ներքաղաքական լարված իրավիճակը հանգուցալուծման տանելու ռեալ այլընտրանքի բացակայության բերումով: Ի դեպ, այդ հանդիպմանն արդեն բացակայում էին նրանք, որոնք մայիսի 8-ին կողմ էին քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը՝ հայտնի գործարար պատգամավորներից ոմանք: Մինչև օրս էլ վստահ չեմ՝ նրանք քվեարկեցին կուսակցության «որոշմա՞մբ», ինչպես պաշտոնապես հետո հայտարարվեց ու մինչ օրս ասվում է, թե՞ իշխանությունից հեռացող ու պառակտվող երեկվա իշխող կուսակցությունն այդ կերպ քողարկում ու փորձում էր կանխել սեփական գահավիժումն ու արդեն տեսանելի դարձող անկարողությունը: Ես կարծում եմ՝ երկրորդը: Ու մայիսի 8-ին Նիկոլը ոչ ու բարով ընտրվեց ՀՀ վարչապետ:
18:10
17:44
17:22
16:58
16:33
16:09
15:04
14:55
13:19
13:02
12:24
12:21
12:04
11:44
11:35
11:04
10:50
10:42
10:24
10:08
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35