Ավարտվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությունը: Իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության բոլոր հանգամանքները. արդյունքում 3 անձի, այդ թվում` երկու գլխավոր հարկային տեսուչի մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և կաշառք ստանալու համար: Հիմնավորվել է, որ վերջիններս իրենց հանցավոր արարքներով էական վնաս են պատճառել պետության շահերին, որն արտահայտվել է ինչպես պետական մարմնի հեղինակազրկմամբ և հարկային ծառայողի կոչման արատավորմամբ, այնպես էլ գույքային վնասով. տնտեսվարող սուբյեկտների հարկային պարտավորությունները շուրջ 4 մլն ՀՀ դրամի չափով պակաս են հաշվարկել: Այս մասին հայտնում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը։
Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ Տիգրան Մխիթարյանը մինչև 05.09.2016թ.-ը` ՊԵԿ Արտաշատի տարածքային հարկային տեսչության տեղեկատվության և վերլուծության բաժնի պետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում, խախտելով հարկային օրենսդրության պահանջներն ու ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված հարկային ծառայողի վարքագծի կանոնները, միաժամանակ վարել է «Գոլհիլ» ՍՊԸ ընկերության հաշվապահական հաշվառումը` այդպիսով իրեն կախվածության մեջ դնելով ընկերության փաստացի տնօրինողներ Գոհար և Ռազմիկ Վլասյաններից և զբաղվելով նրանց հովանավորչությամբ ու հաշվապահական խորհրդատվությամբ: Այսպես, տեղեկանալով ՊԵԿ քննչական վարչության վարույթում Գ. Վլասյանի վերաբերյալ քրեական գործով կատարված և ի պաշտոնե իրեն հանձնարարված հարցումների մասին, այդ մասին հայտնել է Վլասյաններին: Բացի այդ, ի պաշտոնե տեղյակ լինելով «Գոլհիլ» ընկերության կողմից դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ հաշվետվություններ չներկայացնելու մասին, Տ. Մխիթարյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները. նշված տեղեկատվությամբ տեսչության այլ բաժինների հետ չի փոխանակվել ու չի ապահովել դրա հետ կապված կամերալ ուսումնասիրությունների անցկացումը: Ավելին, 2016թ.-ի սեպտեմբերին, երբ Տ. Մխիթարյանն արդեն զբաղեցրել է նույն հարկային տեսչության հարկ վճարողների սպասարկման գլխավոր հարկային տեսուչի պաշտոնը, Գ. Վլասյանից տեղեկացել է «Գոլհիլ» ՍՊԸ-ի կողմից 2015թ.-ին 4 բեռնատար ավտոմեքենաների շահագործման մասին, սակայն համակարգ է մուտքագրել դրանցից միայն 2-ի ելակետային տվյալները, որի հետևանքով հիշյալ ընկերության հարկային պարտավորությունները շուրջ 2 մլն ՀՀ դրամի չափով պակաս են հաշվարկվել:
Բացի այդ, Տ. Մխիթարյանը, դարձյալ խախտելով հարկային օրենսդրության պահանջները, ստանձնել է Արտաշատի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված մեկ այլ` «Օհանտրանս» ՍՊԸ-ի հաշվապահական հաշվառման պարտականությունը: Այդ ընթացքում, նույն տեսչության ընթացիկ հսկողության բաժնի գլխավոր հարկային տեսուչ Արմեն Մուրադյանից տեղեկանալով հիշյալ ընկերության կողմից խախտում կատարելու փաստ հայտնաբերելու մասին, կրկին չարաշահել է պաշտոնեական դիրքը և վերջինիս խնդրել թաքցնել խախտումը, որպեսզի «Օհանտրանս» ՍՊԸ-ի համար լրացուցիչ հարկային պարտավորություններ չառաջանան: Ա. Մուրադյանն էլ, կատարելով գործընկերոջ խնդրանքը, վերադասին այդ մասին զեկուցագիր չի ներկայացրել և ստուգում չի նախաձեռնել: Դրա հետևանքով այս ընկերության հարկային պարտավորությունները ևս շուրջ 2 մլն դրամով պակաս են հաշվարկվել: Այնուհետև Տ. Մխիթարյանը զանգահարել է «Օհանտրանս» ընկերության տնօրեն Սարգիս Մելքոնյանին և դրա դիմաց, ինչպես նաև խնդրի մասին նախապես տեղեկացնելու և ստուգումը կանխելու համար կաշառք է պահանջել: Ս. Մելքոնյանը համաձայնվել է և իր օգտին ապօրինի անգործություն դրսևորելուն նպաստելու համար Տ. Մխիթարյանին կաշառք տվել:
Այսպիսով, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կաշառք ստանալու համար Տ. Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 311-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Ա. Մուրադյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ կաշառք տալու համար «Օհանտրանս» ՍՊԸ տնօրեն Ս. Մելքոնյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: