Երևանի Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստանը» հրաշալի երգ է, բայց այն չի կարող դառնալ ՀՀ օրհներգը։
168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ «Քեզ համար, Հայաստան» երգը ծնվել է երկրաշարժի օրերին, այսինքն՝ գրվել է հատուկ դեպքի կապակցությամբ, իսկ օրհներգը, ըստ նրա՝ ունի մեծ սահմանափակում. այն կատարում են միայն հատուկ դեպքերում.
«Եվ լավ երգը, եթե դառնում է օրհներգ, կորցնում է իր մատչելիությունը, իր կարևոր իմաստը։ Ես շատ մեծ տեղ չեմ տալիս օրհներգին, չեմ կարծում, որ երկիրը փոխվում է, երբ փոխվում է օրհներգը, ավելի շուտ գուցե հակառակն է»։
Հիշեցնենք, որ «Մեր հայրենիք»-ը «Քեզ համար, Հայաստան»-ով փոխարինելու հավանականության մասին խոսել է Շառլ Ազնավուրը՝ Le Club de Richard Findykian ռադիոհաղորդաշարի ժամանակ։ Նա ասել է, որ Հայաստանի ներկայիս օրհներգն առանձնապես ոչինչ չի ասում, և հնարավոր է, որ իր երգը դառնա ՀՀ նոր օրհներգը։
«Դա այն է, ինչ ես ուզում եմ: Նախագահ Սերժ Սարգսյանը համաձայն է ինձ հետ, և ոչ միայն նա»,- մասնավորապես ասել է Ազնավուրը։
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ չի հերքել այս տեղեկատվությունը։
Ռուբեն Բաբայանն ընդգծում է՝ օրհներգը պետք է իր մեջ պարունակի անցյալը և ուղղված լինի դեպի ապագան. «Սա պետական սիմվոլ է, մենք ստեղծում ենք պետություն, և հուսով եմ, որ այս պետությունն արդեն կմնա անսասան։ Սա նշանակում է, որ պետք է ուրվագծվեն պետության կարևորագույն հիմունքները՝ ինչի վրա է նա ստեղծված և ինչով կարող է առաջ նայել ու առաջ շարժվել։ Երաժշտությունն էլ պետք է լինի օրհներգային։ Մեր ներկայիս օրհներգը երաժշտության տեսանկյունից այդպիսին չէ, իսկ խոսքերը փոփոխված են. այդպես չպետք է լինի։ Դա որոշակի ժամանակներում ու որոշակի պայմաններում է գրվել, հիմա ուրիշ ժամանակներ են, և ուրիշ խնդիրներ են պետության առջև դրված»։
Մեր զրուցակիցը նկատեց՝ օրհներգն իր մեջ պետք է պարունակի պաշտոնական բնույթ. «Շառլ Ազնավուրի երգը շատ եմ սիրում և չեմ կարծում, թե պաշտոնական օգտագործման համար է»։
Ինչ վերաբերում է օրհներգի ընտրությանը, ապա Ռ. Բաբայանը նշեց, որ Հայաստանում կան և՛ լավ կոմպոզիտորներ, և՛ բանաստեղծներ, որոնք, ըստ նրա՝ ունեն լավ ճաշակ, և կարելի է համապատասխան հանձնաժողով ստեղծել, որոշակի հիմունքներ մշակել, թե ինչպիսին պետք է լինի օրհներգը, մրցույթ հայտարարել և ընտրել. «Համենայնդեպս, չեմ կարծում, որ դա մեկ կամ երկու մարդու որոշելու բան է»։