Մեկնարկել է «CSIT-2017» միջազգային գիտաժողովը. մասնակցում են արտասահմանցի գիտնականներ ավելի քան 20 երկրից
25.09.17 | 19:02
Գիտությունների ազգային ակադեմիայում սեպտեմբերի 25-ին մեկնարկել է «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» (CSIT-2017) միջազգային գիտաժողովը, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
«Չափազանց կարևորում եմ այնպիսի արդիական ոլորտներին վերաբերող ենթագիտաժողովի անցկացումը, ինչպիսիք գերհամակարգչային հաշվարկներն ու մեծ տվյալներն են (big data-ն)։ Այդ երկուսը գիտական և կիրառական հետազոտությունների և ինովացիայի շարժիչ ուժերից են», - նշել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ ուզում է տեսնել գիտական արդյունքների ներդրում տնտեսության մեջ:
«CSIT» գիտաժողովի նախագահ, ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը ընդգծել է, որ ««CSIT»-ն անցկացվում է արդեն 20 տարի՝ նպատակ ունենալով մասնակիցներին հնարավորություն տալ շփվելու և տարածելու կոմպյուտերագիտության տեսական
ու կիրառական արդյունքները, քննարկելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները և դրանց լուծման եղանակները:
Գիտաժողովին մասնակցելու համար 20 երկրից Հայաստան են ժամանել արտասահմանցի գիտնականներ, ովքեր հայ գործընկերների հետ ներկայացրել են 100-ից ավելի գիտական հոդվածներ։ Դրանք վերաբերում են ավանդական տեսական և կիրառական ոլորտներին։
«Գալիս են աշխարհի առաջավոր երկրների գիտական կառույցների ներկայացուցիչները, կիսվում վերջին տարիների կոմպյուտերագիտության, և առհասարակ ՏՏ ոլորտի ձեռքբերումներով։ Դա նպաստում է այս բնագավառում գիտական աշխատանքի հանդեպ հետաքրքրության բարձրացմանը», - նշել է ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։
«CSIT»-ն կշարունակվի մինչև շաբաթվա վերջ, պլենար, զուգահեռ նիստերի հետ միաժամանակ կիրականացվեն աշխատանքային գիտաժողովներ` տեղեկատվական տեխնոլոգիաների մենեջմենթի, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանի և Սփյուռքի գիտնականների համագործակցության և գիտական չափագիտության ուղղություններով։