Չնայած դժվարություններին՝ ես կգնամ և կփորձեմ հաղթանակով վերադառնալ. Կամո Ունանյան
26.09.17 | 11:53
Կարատեի Աշխարհի երկակի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Կամո Ունանյանը սեպտեմբերի 23-ին Ստամբուլում պետք է մասնակցեր A սերիա դասակարգի կարևոր ստուգատեսի, որտեղ առաջին անգամ խաղարկվելու է դեպի «Տոկիո 2020» Օլիմպիական խաղերի ուղեգրեր, սակայն վնասվածքի պատճառով չկարողացավ գնալ: Magnis.News-ը զրուցեց Կամո Ունանյանի հետ Ստամբուլ չմեկնելու և հետագա անելիքների մասին:
-Նախորդ զրուցի ժամանակ բավական մարտական էիք տրամադրված Ստամբուլում կայանալիք ստուգատեսին, բայց չկարողացաք գնալ և մասնակցել:
- Այո, ես շատ էի պատրաստվել Ստամբուլ գնալուն և այնտեղ լավ հանդես գալուն, բայց մարզումներից մեկի ժաամանակ ոտքս այնպես վնասեցի, որ այնտեղ լիարժեք ու ամբողջական ուժով չէի կարող հանդես գալ: Նաև Ուսի հատվածում ունեմ վնասվածք: Եթե մի բան լիարժեք չէր լինելու, ապա ավելի լավ է չլիներ:
-Որքա՞ն ժամանակ էիք նախապատրաստվել:
- Ասեմ՝ մեկ տարի դադարից հետո հուլիս ամսից վերսկսել եմ մարզումներս: Դադարի, նաև այդ ընթացքում քաշի ավելացման ու հին վնասվածքներից եղած խնդիրներին զուգահեռ, ես նպատակասլաց գտնվեցի ու սկսեցի նորից մարզվել: Նախ քաշս կարգավորեցի՝ մոտ 90 կգ-ից դարձ 79, դեռ 4 կգ պետք է նիհարեմ, որ 75կգ քաշային կարգում հանդես գամ: Մարզումներս անցկացրել եմ Ղազախստանում իմ մարզիչ Ռայիս Յամալդինովի հետ, և Հայաստանում՝ Տիգրան Մուրադյանի հետ: Չնայած դժվարություններին՝ ես պլանավորում եմ մասնակցել նոր մրցաշարի և կփորձեմ հաղթանակով վերադառնալ:
-Ի՞նչ մրցաշարի եք պատրաստվում ներկայանալ, և արդյոք վնասվածքները չեն խանգարի:
- Երբ նորից ես սկսվում մարզվել՝ պետք է տեմպը պահես: Ոտքս բավականին հետևողկան բուժումներ անելուց հետո՝ ես կրկին պատրաստվում եմ սեպտեմբերի 28-ին գնալ Չեխիա, որտեղ կանցկացվի WKF վարկածով Եվրոպայի 2017 թ-ի գրանդ-պրի առաջնությունը, որին կհաջորդի հոկտեմբերին Ավստրիայում՝ կրկին A սերիայի մրցաշարը: Այս մրցաշարին մասնակցելով և մրցանակային տեղեր գրավելով՝ ես կարող եմ հավաքել միավորներ, որոնց համապատասխան քանակի դեպքում, Օլիմպիական խաղերի ուղեգիր կստանամ: Թե՛ ոտքիս, թե՛ ուսիս վնասվածքներն ու այլ խնդիրների առկայությունը, իհարկե, նպաստավոր պայման չէ, բայց ես լավ եմ տրամադրված:
Magnis.News-ը հաղթանակ է մաղթում մարզիկին:
Պատրաստեց Արմինե Բրսոյանը