Այսօր, սեպտեմբերի 30-ին, Արենի Փառատոն հիմնադրամը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի, Խաչիկ գյուղի գյուղապետարանի և համայնքների միության աջակցությամբ Վայոց Ձորի Խաչիկ համայնքում կազմակերպել էր արդեն ավանդույթ դարձած «Գաթայի փառատոն 2017»-ը: Խաչիկցիները հյուրերին դիմավոորեցին երգ ու պարով և ճող հյուրասիրությամբ:
Փառատոնի շրջանակներում հյուրերը հնարավորություն ունեցան վայելել ազգային երգն ու պարը, մասնակցել բազմապիսի խաղերի, ականատես լինել գաթայի և արիշտայի պատրաստմանը, մասնակցել օղու թորմանը:
Փառատոնի շրջանակներոմ գործում էր նաև արհեստի և արվեստի ցուցահանդես-վաճառք: Մասնակիցները այցելեցին նաև Խաչիկ գյուղի փոքրիկ թանգարանը, որտեղ ծանոթացան գյուղի հին պատմությանը:
4մ գաթան ճաշակելու համար ժամանել էին ոչ միայն Երևանից և մարզերից մասնակիցներ, այլև արտերկրից զբոսաշրջիկներ, որոնց հետաքրքիր էր հայկական մշակույթն ու խոհանոցը:
Գաթայի փառատոնի շրջանակներում կազմակերպված համերգին մասնակցեցին Արսեն Գրիգորյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Դավիթ Ամալյանը, Սահակ Սահակյանը, Լեյլա Սարիբեկյանը, Եղեգնաձորի Ջիվանու անվան աշուղական անսամբլը, «Նարեկացի» նվագախումբը, Էրգիր պարային համույթը, Խաչիկի պարային համույթը և Նժդեհ պարային համույթը:
Միջոցառման նպատակն է նպաստել հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը և համաշխարհային շուկայում ճանաչելիության բարձրացմանը, Հայաստանի իմիջի ամրապնդմանը:
Լրագրող ՝ Զառա Գալստյան
Լուսանկարիչ ՝ Էդգար Մադոյան