Որքան մոռանանք մեր ժառանգությունը, այնքան խեղճանալու ենք և մնալու ենք միայնակ. Հարություն Խաչատրյան
04.10.17 | 14:46
Հոկտեմբերի 7-ին կայանալու է Կինեմատոգրաֆիստների միության արտահեթ համագումարը, որն ընտրելու է միության նոր նախագահ և վարչություն: Միության նախագահի պաշտոնում առաջադրվել է «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի հիմնադիր, նախկին գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը: «Վերջապես պետք է բացվի Կինոյի տան դուռը». ահա այսպես է վերնագրել Հարություն Խաչատրյանն իր անելիքների մասին պատմող ծրագիրը:
«Իմ կատարած աշխատանքները թույլ են տալիս, որ ասեմ՝ իմ փորձը բավական է, որ կարողանամ համախբել բոլորին իրար կողք` նույն գաղափարի շուրջ: Մենք շատ ենք հետ մնացել կինոյում թե՛ տարածաշրջանում, թե՛ համաշխարաjին մասշտաբով: Այսօր կինոարտադրությունն առանձին է գործում, կինոփառատոններն՝ առանձին, կինոմիությունն՝ առանձին. չկա միավորող ուժ կամ գաղափար: Ես կուզեի, որ կինոմիությունն իր շուրջը հավաքեր բոլորին, մասնակցեր նաև կինոյի մասին օրենքի կայացմանը, մասնիկը դառնար կինոարդադրության»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարություն Խաչատրյանը:
Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու են առաջադրվել նաև Կինեմատոգրաֆիստների միության անդամ Վահե Գևորգյանցը և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Գեւորգ Գեւորգյանը
«Ով էլ ընտրվի՝ հարկավոր է պահանջել, որ իրականացնի փոփոխխություններ: Եթե լինի թեկնածու, որն իմ կարծիքով, ավելի լավ կարող է կատարել իր աշխատանքը՝ ես գուցե և դուրս գամ պայքարից և պաշտպանեմ իրեն: Կինոգետների միությունը պետք է կարողանա մասնակցել կինոյի մասին օրենքի մշակմանը: Ներկայիս օրենքը, որն «ափալ-թափալ» է գրված, ո՛չ կինոն է պաշտպանում, ո՛չ կինոգործչին»,-ասաց Հարություն Խաչատրյանը:
Նրա հավաստմամբ` միայն կոմերցիոն ֆիլմեր նկարելով՝ կդրվի կինոյի վերջը:
«Մենք ունենք կինոյի լավ ժառանգություն: Մենք չենք կարողանում մատուցել այն, ինչ ունենք: Որքան մոռանանք մեր ժառանգությունը, այնքան խեղճանալու ենք և մնալու ենք միայնակ»,- հավելեց նա:
Արմինե Բրսոյան