ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը շարունակում է զարմացնել: Այժմ էլ՝ լրագրողների հարցին, թե պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կարո՞ղ է նշել 3 ձեռքբերում, որը գյուղացու կյանքը թեթեւացրել է, նա այսպիսի պատասխան է տվել. «Հույս, հավատ, սերը որ կա, հիմա այդ փուլում ենք»: Իսկ վերջին շրջանի թանկացումների, հատկապես մսի գնի բարձրացման մասին խոսելիս էլ նախարարն ասել է. «Երբեք պետք չի դրանից անհանգստանալ, դա ուղղակի այս իրավիճակից ելնելով է: Շուկան կկարգավորի դա: Ես չեմ հավատում, որ գները կբարձրանան: Կիջնեն, նորից կբարձրանան: Այս բարձրացումը ավելի շատ պանիկային բարձրացում է, հետո իջեցում կլինի: Ինչպես ամեն ինչն է երկրում կարգավորվում: Ամեն ինչ փոփոխական է, չի կարող լինել միշտ նույն գինը»:
Ինչպես երևում է՝ Իգնատի Առաքելյանն ինքն էլ է հասկացել, որ պաշտոնավարման ողջ ընթացքում անգամ մեկ ձեռքբերում նշելն իր ուժերից վեր է, հետևաբար, մնում է Աստվածաշնչից վերցրած տողեր ցիտել և հուսալ, որ գյուղացիների աղոթքներն ի վերջո կհասնեն բարձրյալին: Նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն էլ էր հորդորում գյուղացիներին աղոթել, որպեսզի բերքն առատ լինի: Սա կարծես դարձել է գեղեցիկ ավանդույթ, որը գյուղատնտեսության նախարարությունում փոխանցվում է ի պաշտոնե: Ինչ խոսք, անչափ հարմար մարտավարություն է, որը նշանակում է՝ հույսներդ մեզնից կտրեք, ավելորդ սպասումներ մի ունեցեք, գլխներիդ ճարը տեսեք: Գյուղացիներն էլ, իհարկե, ունեն հակադարձելու լիարժեք իրավունք՝ եթե առատ բերք, ոռոգման ջուր, գյուղտեխնիկա, էժան վարկեր ստանալու միակ հույսը Ատվածն է, դուք ինչի՞ համար եք…