Շատ կարևոր է զարգացնել ՌԴ-ի հետ Հայաստանի երկխոսությունը՝ ավելացնելով համատեղ ծրագրերը. Վլադիմիր Պուտին
06.10.17 | 15:24
Տարածաշրջանի երկրների արդյունավետ կապերն ամուր հիմք են հանդիսանում պետությունների համագործակցության, տնտեսության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտում գործընկերության համար, այս մասին ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին՝ Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում:
ՌԴ նախագահը մասնավորապես ասել է.
«Ողջունում եմ Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների մասնակիցներին և հյուրերին: Տարածաշրջանի երկրների արդյունավետ կապերն ամուր հիմք են պետությունների համագործակցության, տնտեսության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտում գործընկերության համար:
Շատ կարևոր է զարգացնել ՌԴ-ի հետ Հայաստանի երկխոսությունը՝ ավելացնելով համատեղ ծրագրերը, անընդհատ բարձրացնել փոխհամագործակցության մակարդակը: Այդ ամենի համար շատ մեծ պոտենցիալ ունի ձեր այս հանդիպումը: Համոզված եմ, որ համաժողովների շրջանակներում դուք մանրակրկիտ կքննարկեք արդյունաբերության, գյուղատնտեսության, տուրիզմի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ծրագրերը: Կներկայացվեն նոր առաջարկներ, որոնք կխթանեն երկու երկրների միջև վստահությունը, փոխհամագործակցությունը և բարեկամությունը»: