Պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի կողմից Լեռնային Ղարաբաղի քառօրյա պատերազմից հետո չնախաձեռնած քայլերը մտահոգիչ են. Ստեփան Սաֆարյան
14.06.16 | 13:38
Պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի կողմից Լեռնային Ղարաբաղի քառօրյա պատերազմից հետո չնախաձեռնած քայլերը մտահոգիչ են: Լրագրողների հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:
Վերջինս նշեց, որ ապրիլյան պատերազմից հետո կլիներ միանգամայն այլ պատկեր, եթե կատարվեին համապատասխան քայլեր:
Սաֆարյանի խոսքով՝ ԼՂ նկատմամբ տեղի էր ունեցել ռազմական ագրեսիա, միջազգային հումանիտար իրավունքի խախտումներ Թալիշում` զինծառայողների խոշտանգված մարմինների տեսքով, որոնք պատիժ են ենթադրում: «Բայց մեզ սկսեցին համոզել, թե ոչինչ որ ձեր դեմ պատերազմ է եղել, բայց դուք շարունակեք բանակցել: Թղթի վրա երկու որոշում կայացվեց, ասեցին, թե բավարարվեք դրանցով ու սկսենք բանակցությունները, բայց դրանք մնացին թղթի վրա: Խոսքը՝ հետաքննության մեխանիզմի, մոնիթորինգի իրականացման մասին է»,- նշեց Ստեփան Սաֆարյանը:
«Մեզ պետք էր արագ, մի քանի ամիսների ընթացքում միջազգային կառույցներում ունենալ զեկույցներ՝ մարդու իրավունքների խախտման վերաբերյալ, որն Ադրբեջանի վրա զսպող, շրջանակող ազդեցություն կունենար»,- նշեց Ստեփան Սաֆարյանը: