Մելանյա Թրամփն իր շքեղ զգեստներից մեկը նվիրել է Սմիթսոնյան թանգարանին
22.10.17 | 17:05
Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը, հետևելով 100-ամյա ավանդույթին, ամուսնու՝ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը հաջորդած հանդիսավոր միջոցառման ժամանակ կրած նրբաճաշակ զգեստը հանձնել է Սմիթսոնյան թանգարանին, գրում է The Daily Mail-ը։
«Նախագահին, Բերոնին և ինձ դուր է գալիս այստեղ (Վաշինգտոն-Tert.am) ապրելն ու մեզ համար մեծ պատիվ է այս երկիրը ներկայացնելը»,-ասել է 47-ամյա տիկին Թրամփը թանգարանում հավաքվածներին:
Հայտնի է, որ այսուհետ ֆրանսիացի դիզայներ Էրվե Պիեռի ստեղծած սպիտակ, էլեգանտ զգեստը ցուցադրվելու է հենց այս թանգարանում:
Զգեստի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ Մելանյա Թրամփը խոստովանել է, որ ամուսնու նախընտրական քարոզարշավի ժամանակ այնքան զբաղված է եղել, որ մոռացել էր երդմնակալության արարողությանը հաջորդող միջոցառման համար զգեստ ընտրելու մասին:
«Ես այդ մասին հիշեցի միայն այն ժամանակ, երբ արարողությանը 2 շաբաթ էր մնացել: Ես վաղուց էի լսել Էրվեի մասին, բայց նրա հետ երբևէ չէի համագործակցել: Ես նրան ասացի, որ նման պատմական իրադարձության համար ցանկանում եմ ժամանակակից, բաց գույնի, բացառիկ ու չսպասված մի զգեստ: Արդյունքում նա գերազանցեց իմ սպասումները»,-եզրափակել է տիկին Թրամփը: