Հայաստանում առաջին անգամ անցկացվեց կրթական գործիքների ազգային տոնավաճառ
21.10.17 | 16:58
Հայաստանում առաջին անգամ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից անցկացվեց կրթական գործիքների ազգային տոնավաճառ: Միջոցառումը իրականացվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, «SALTO-YOUTH EuroMed & Good Practices Resource Centre» և «SALTO EECA» կազմակերպությունների աջակցությամբ:
Միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, ով,ողջունելով միջոցառման մասնակիցներին, խոսել է անցկացվող միջոցառման կարևորության մասին:
«ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է ոչ ֆորմալ կրթության զարգացումը: Գաղտնիք չէ, որ կյանքն այնպիսին է դարձել, որ մենք ուղղակի պարտադրված ենք արագ արձագանքելու կատարվող փոփոխություններին, և այդ արձագանքները չպետք է լինեն ուշացած: Ահա այստեղ է, որ մեզ օգնության են գալիս ոչ ֆորմալ կրթության որոշակի գործիքներ, որոնք այդ ճանաչելիությունը դարձնում են շատ օպերատիվ և տեղին»,- նշել է Արսեն Քարամյանը:
Նրա խոսքով՝ 2018-2022 թթ. համար նախարարությունը մշակում է պետական երիտասարդական քաղաքականության ռազմավարություն, որտեղ անդրադարձ կա նաև ոչ ֆորմալ կրթությանը և կրթական գործիքներին:
Նշենք, որ մեր երկրում կրթական գործիքների ազգային տոնավաճառ կազմակերպվում է առաջին անգամ: Միջոցառումը բաղկացած է զուգահեռ բաղադրիչից՝ երիտասարդական աշխատանք, ոչ ֆորմալ կրթություն և կրթական մեթոդների մշակման ոլորտի փորձագետների ելույթներ և գործիքների տոնավաճառ: