«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Կոնվերս բանկի» Սայաթ-Նովա մասնաճյուղի հափշտակությունից անցել է ավելի քան երկու շաբաթ, սակայն դեռևս իրավապահները չեն հայտնաբերել ո՛չ գլխավոր մեղադրյալին՝ Յուրի Ցիգանկովին, որին մեղադրում են բանկը թալանելու մեջ, ո՛չ էլ առանձնապես խոշոր չափերով գողոնը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին «Կոնվերս բանկի» Սայաթ-Նովա փողոցում գտնվող մասնաճյուղից մոտ 200 հազար ԱՄՆ դոլար էին հափշտակել։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է 29-ամյա Դավիթ Գրիգորյանը, 30-ամյա Արսեն Գրիգորյանը, 34 ամյա Մարատ Գալստյանը եւ Աշոտ Մանուկյանը: Իսկ Աշտարակի բնակիչ 29-ամյա Պյոտր Ցիգանկովը ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով որոնվում է:
Մեր տեղեկություններով, գործով կալանավորված անձինք հերքում են իրենց առնչությունը դեպքին եւ չեն ընդունում մեղադրանքները: Մասնավորապես՝ Մարատ Գալստյանը, որին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով ավազակությանը օժանդակելու համար, չի ընդունում մեղադրանքը: Մեր զրույցում նրա պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ իր պաշտպանյալը հերքել է իր առնչությունը դեպքին: «Կարծում եմ՝ մինչ այժմ կատարված գործողություններն անօրինական են եղել եւ այժմ իմ պաշտպանյալը գտնվում է կալանքի տակ: Քանի որ կալանքի միջնորդության քննարկման նյութերին ծանոթանալով՝ հանգում եմ այն եզրակացության, որ իմ պաշտպանյալի առնչությունը հիմնավորող փաստաթղթեր վարույթն իրականացնող մարմինը ձեռք չի բերել: Ամեն դեպքում մենք հույս ունենք, որ իրականացվող նախաքննությամբ մեր առնչվելն այդ դեպքին կբացահայտվի, եւ Մանվել Գալստյանն ազատ կարձակվի, ինչպես նաեւ կդադարեցվի նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը»,- ասաց պաշտպանը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։