Մենք կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ընդհանուր տենդենց ունենք.Արմեն Մուրադյան
16.06.16 | 18:25
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում օրերս ձերբակալված, ապա ստորագրությամբ ազատ արձակված նախարարության պաշտոնյաներին:
Ըստ նրա՝ առողջապահության նախարարության ներկա և նախկին աշխատակիցների մասնակցությամբ աղմկահարույց գործը երկու տարվա պատմություն ունի:
«Նպատակ չեմ դրել նախկինների գործերը բացահայտել»,- ի պատասխան լրագրողի հարցին՝ ասաց նախարարը՝ հավելելով, որ իրենք խնդիր ունեն կոռուպցիոն ռիսկերը նվազեցնել և դրա համար ուղեգրման կարգը խստացվել է, ուղեգրերը արդեն համարակալվում են: «Մենք ներդրեցինք նոր պաշտպանիչ շերտով և համարակալված ուղեգրերի կարգ, որով հնարավորինս նվազեցրեցինք ռիսկերը: Մենք կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ընդհանուր տենդենց ունենք, և սա սկսվել է դեռևս 2014 թվականից»,-ասաց նախարարը:
Նախարարի խոսքով՝ մեղադրյալներից մեկը արհեստավարժ մասնագետ է, եւ վստահեցրեց, որ որեւէ անմեղ մարդ չի դատապարտվի:
Նա նաև գովեց չարաշահման մեջ մեղադրվող Առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանին: «Որպես մասնագետներ՝ կարող եմ ասել, որ պետն արհեստավարժ մասնագետ է: Քննությունը բոլոր հարցերի պատասխանը կտա: Համոզված եմ, որ որևէ անմեղ մարդ չի պատժվի»,- հավելեց նախարարը: