Չկա իմ օրենք կամ իմ նախագիծ, սա Հայաստանում փոփոխություններ անելու նախագիծ է: Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը՝ դիմելով նախագծի համահեղինակ Կարինե Աճեմյանին:
«Իրավական պետության սկզբունքներին հակասում է, երբ ասում եք՝ 2015թ.-ն փոխում ենք 2017թ.-ով, եւ ասում եք՝ սա մեր օրինագիծն է, եթե դուք եք ուզում ուրիշ բան, բերեք այլ նախագիծ: Սա ձեր օրենքի նախագիծը չէ, սա Հայաստանում փոփոխություններ անելու նախագիծ է»,- ասաց Արտակ Զեյնալյանը:
Նշենք, որ Կարինե Աճեմյանը, անդրադառնալով նախագծի վերաբերյալ «Ելք»-ի առաջարկություններին, նշել էր, որ սկզբունքորեն դեմ չեն դրանց, սակայն, հորդորել էր առանձին օրինագիծ մշակել:
Իր խոսքում Արտակ Զեյնալյանը նաեւ հորդորեց մարդուն չվերաբերել որպես այս կամ այն նախարարության օբյեկտ, սվին կրողի կամ խուսափողի:
«Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեքն է եւ մեր ազգային ինքնության կրողն է եւ կրիչը: Եթե մենք հայ մարդու զանգվածը չունենանք, չենք կարող փոխանցել մեր ինքնությունը: Մենք ինչպե՞ս ենք վերաբերում այդ մարդկանց. գան երկու տարի ծառայեն, ինչ կլինի, կլինի: Մենք լրջագույնս պետք է զբաղվենք այս խնդրով»,- հավելեց Արտակ Զեյնալյանը:
Նշենք, որ օրենքի նախագիծը թույլ է տալիս այն անձանց, որոնք խուսափել են բանակում ծառայելուց եւ լրացել է նրանց 27 տարեկանը, տուգանք վճարել եւ ազատվել քրեական հետապնդումից: Դա թւոյլ կտա այդ մարդկանց վերադառնալ հայրենիք: Ըստ փոփոխությունների, բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվող այն ՀՀ քաղաքացիները, ում 27 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, հնարավորություն կունենան ամեն բաց թողնված զորակոչի համար վճարելով 200 հազար դրամ (ընդհանուր առմամբ՝ 3 միլիոն 600 հազար դրամ) ազատվել քրեական հետապնդումից և անարգել վերադառնալ հայրենիք: ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանի առաջարկով, օրենքը կգործի մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հիշեցնենք՝ դեռևս 2003 թվականին ընդունված՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում մինչ այժմ արդեն 8 անգամ փոփոխություն է կատարվել՝ հազարավոր երիտասարդների պարբերաբար հնարավորություն տալով վերադառնալ Հայաստան: Սահմանված նախորդ ժամկետը լրացել էր 2015 թվականի մայիսին:
Ի դեպ՝ Պաշտպանության նախարարությունն առաջարկել էր նման հնարավորություն օրենքով տրամադրել վերջին անգամ, այլևս թույլ չտալով գումար վճարելով խուսափել զինծառայությունից։ ՊՆ այդ առաջարկը, սակայն, մերժվեց: Ընդ որում՝ նաև իշխող ՀՀԿ-ի կողմից: