Հաստատվել է «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի փորձագիտական հանձնաժողովի կազմը
01.12.17 | 15:42
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցած «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի կազմկոմիտեի նիստի ընթացքում հաստատվել է մրցույթի փորձագիտական հանձնաժողովի կազմը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ, կազմկոմիտեի անդամ Թամարա Թորոսյանը ներկաներին տեղեկացրել է, որ այս տարի մրցույթը, ի տարբերություն նախորդ տարվա, կրում է համահայկական բնույթ: «Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, երիտասարդներին ներգրավել Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները»,- նշել է Թ. Թորոսյանը:
Նույն օրը տեղի է ունեցել փորձագիտական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ներկայացվել են մրցույթի գնահատման չափանիշները, սանդղակի և փորձագիտական հանձնաժողովի գործառույթները, ինչպես նաև մրցույթի անվանակարգերը՝ «Գյուղատնտեսական գիտություններ, բիոտեխնոլոգիա», «Կենդանի համակարգեր (բժշկություն, կենսատեխնոլոգիա, դեղագիտություն, կենսատեխնոլոգիական լուծումներ բժշկության համար, կենդանի համակարգերի հետազոտման կենսատեղեկատվական և համակարգչային մեթոդներ, նանոտեխնոլոգիաներ)», «Ճշգրիտ գիտություններ (մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա, ճշգրիտ ճարտարագիտություն՝ բարձր ճշգրտությամբ կամ գիտատարության բարձր մակարդակով բնորոշվող օպտիկական, էլեկտրոնային, մեխանիկական և մեքենաշինական մշակումներ)»:
«100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2 մլն ՀՀ դրամ։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2017 թվականի դեկտեմբերի 4-ին:
«100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթում հաղթած մի քանի նախագծեր 2018 թվականին կմասնակցեն Մինսկում կայանալիք «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային մրցույթին: