Մշակույթի նախարարությունը նախատեսում է ստեղծել միասնական կինոցանց, որը կկառավարվի Երեւանից։ Այս մասին դեկտեմբերի 6-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։
Նրա խոսքով՝ այս տարի կինոցուցադրությունները (200 ցուցադրություն) հաջող են ընթացել։ Այս համատեքստում փոխնախարարը շնորհակալություն հայտնեց Չինաստանի դեսպանատանը՝ 4 շարժական կինոսրահներ նվիրելու համար։ Սակայն շարժական կինոթատրոնները չեն կարող ամբողջությամբ բավարարել պահանջարկը։ «Որպեսզի ցուցադրենք ժամանակակից եւ դասական ֆիլմեր, շարժական կինոթատրոնները չեն կարող հարցին լուծում տալ։ Արդեն հատկացվել են 50 սրահներ, սակայն դրանք բոլորը վերանորոգման եւ տեխնիկայի կարիք ունեն»,-նշեց նախարարը։
Ծրագիրն այսօր պատրաստման փուլում է։ «Կան ֆինանսական խնդիրներ, բայց մենք կփորձենք լուծել դրանք 2018 թվականին։ Հնարավոր է՝ Երեւանում դա այնքան էլ չի զգացվում, բայց կինոյի ոլորտում պահանջված է»,-նշեց Պողոսյանը։