Երեւանը տարբեր վարչական շրջանների դատարանների փոխարեն կունենա մեկ ընդհանուր իրավասության դատարան
19.12.17 | 15:55
Երեւանը տարբեր վարչական շրջանների դատարանների փոխարեն կունենա մեկ ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ԱԺ արտահերթ նիստում Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնելիս նշել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, նախագծերի փաթեթի նպատակը դատական համակարգի բեռնաթափումն է. «Մենք փորձում ենք միջոցներ ձեռնարկել անձի արդար դատական քննության իրավունքը կյանքի կոչելու ուղղությամբ: Դրա համար մենք պետք է միջոցներ ձեռնարկենք մեր դատական համակարգի բեռնաթափման ուղղությամբ: Այսօր Երեւանում կան վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարաններ, որոնց ծանրաբեռնվածությունը խիստ տարաբնույթ է. մի վարչական շրջանում գերծանրաբեռնված են քրեական գործեր քննող դատավորները, որովհետեւ վարույթը իրականացնող մարմինները տեղակայված են այդ վարչական շրջանում, մյուս վարչական շրջանում քաղաքացիական գործերն են շատ»:
Փոխնախարարը նշեց, որ լինում են դեպքեր, որ մի դատարանի դատավոր տարեկան եռակի անգամ ավելի շատ գործեր է քննում, քան մեկ այլ դատավոր. «Դրա համար մենք առաջարկում ենք Երեւանում վարչական շրջանների դատարանների փոխարեն ունենալ մեկ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, Երեւան քաղաքի դատարան»,- ասաց նա՝ հավելելով, որ դա նաեւ ձեռնտու է ֆինանսական տեսանկյունից, որովհետեւ արդեն կունենանք մեկ դատարանի նախագահ, այլ ոչ թե մի շարք վարչական շրջանների դատարանների նախագահներ, իսկ գործերը դատավորների միջեւ հավասարակշռված կբաշխվեն:
«Սա, անշուշտ, կհանգեցնի դատական համակարգի բեռնաթափման, ինչը իր հերթին կնպաստի գործերի արդյունավետ եւ ավելի արագ քննելուն»,-ասաց նա: