Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի տարբեր քաղաքական ուժերի անդամների հետ
20.12.17 | 18:42
Փարիզում աշխատանքային այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող շուրջ չորս տասնյակ անդամների հետ։
Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է հայ և ֆրանսիացի ժողովուրդների բազմադարյա հարաբերություններին, Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիների ընթացքում գրանցված ձեռքբերումներին։ Հայաստանի արտգործնախարարն արժևորել է երկու երկրների խորհրդարանների կարևոր դերակատարումը հայ-ֆրանսիական համագործակցության խորացման գործում։
ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լույսի ներքո Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունները։
Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում Հայաստանի առաջնորդող դերակատարությանը։
ՀՀ արտգործնախարարը մանրամասն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերին, հանգուցալուծման գործընթացի վերջին զարգացումներին։