Մարզաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ արժանացել են մարզական կոչումների և նախարարության շնորհակալագրերի
22.12.17 | 15:16
Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը կատարած բարեխիղճ աշխատանքի, մարզաձևերի զարգացմանը նպաստելու և սպորտում ունեցած ներդրման համար շնորհակալագրեր և մարզական կոչումներ է հանձնել մարզաշխարհի ներկայացուցիչներին:
Հանձնելով շնորհակալագրերը և մարզական կոչումները հավաստող վկայականները` նախարարը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և նշել, որ միայն մարզիկը և մարզիչը կարող են իմանալ, թե ինչ մեծածավալ աշխատանքի արդյունք է ցանկացած մարզական ձեռքբերում: «Ձեր հաջողություններով հպարտանում է ողջ հայ ժողովուրդը, ձեր նվաճումը ողջ հայ ժողովրդի նվաճումն է: Վստահ եմ՝ այս կոչումները ձեզ ավելի կպարտավորեցնեն՝ շարունակելու մնալ ձեր ընտրած մարզաձևի նվիրյալը»,- ասել է Հ. Ռոստոմյանը:
Նույն օրը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրեր են ստացել մարզադպրոցների տնօրեններ, տնօրենի տեղակալներ, հաշվապահներ: «Մարզադպրոցներում տարվող աշխատանքը հաճախ անտեսանելի է հանրության համար: Սակայն հենց այդ աշխատանքի ճիշտ կազմակերպումը և մարզումների համար ստեղծված պայմաններն են նպաստում մարզաձևերի մասսայականացմանը և սպորտի զարգացմանը»,- նշել է նախարարը:
Նախարարը նաև շնորհավորել է ներկաներին՝ մոտեցող տոների՝ Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ, մաղթել բոլորին բարեկեցություն, հաջողություն և մարզական ձեռքբերումներ: