2017 թվականը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի համար արդյունավետ էր. Աշոտ Ղուլյան
30.12.17 | 11:09
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և սուրբ ծննդյան տոների առթիվ: ԱԺ նախագահը մասնավորապես նշել է.
Ձեզ հետ միասին ամփոփում ենք մեր անկախ տարեգրության ևս մեկ էջ՝ հագեցած նոր ձեռքբերումներով, երկրի անվտանգության ու ապահովության բարձրացման վճռական նախաձեռնություններով և համահայկական միասնության ամրապնդման հետևողական քայլերով:
2017 թվականը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի համար արդյունավետ էր թե՛ օրենսդրական աշխատանքի, թե՛ արտաքին աշխարհի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ներդրված ջանքերի տեսանկյունից: Նոր Սահմանադրության ընդունմամբ վերահաստատեցինք ժողովրդավարական երկիր զարգացնելու և հայրենիքի անվտանգության համակարգը կատարելագործելու մեր վստահ դիրքորոշումը: Որպես սահմանադրական գործընթացների շարունակություն՝ մեկնարկեցինք երկրի ներքին օրենսդրությունը Սահմանադրությանը համապատասխանեցնելու գործը: Ազգային ժողովում հյուրընկալեցինք մի շարք միջազգային պատվիրակությունների` հիմք դնելով խորհրդարանական համագործակցության նոր ուղղությունների և ուրվագծելով գալիք տարվա անելիքների ծրագիրը:
Անցնող տարին մեր ժողովրդի պատմության մեջ նշանավորվեց նաև Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման քառորդդարյա հոբելյանով, ինչը հրաշալի առիթ էր՝ վերստին արժևորելու մեր հերոսական բանակի անցած ճանապարհը և ընդգծելու հայրենիքի պաշտպանի սուրբ դերակատարությունը:
Գալիք 2018 թվականին` արցախյան ազգային ազատագրական պայքարի երեսնամյա տարեդարձին, անկախ մեր համոզմունքներից, մեր միասնությունն ավելի ամուր պիտի լինի, ձեռքբերումները՝ ապագային ուղղված, հաղթանակները՝ շարունակական:
Մաղթում եմ բոլորիս առողջություն, բարօրություն և անկոտրում կամք՝ հանուն Արցախի, մայր հայրենիքի և համայն հայության հավաքական ուժի զորացման:
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: