Հայ առաքելական եկեղեցիներում տեղի է ունեցել Նռան օրհնության արարողություն
04.01.18 | 11:31
Տարվա «վերջին օրը կանգնած» հաշվում ենք օրերը՝ անցած 365-366-ն ու գալիքը։ Վերցնում եմ երկու նուռ ու գնում եկեղեցի՝ մեկն անցած տարվա ամեն օրվա համար, մյուսը՝ գալիք օրերի։
Դեկտեմբերի 31-ին ժամը 24:00-ին եկեղեցում կանգնած աղոթում եմ, նայում եմ խորանին դրված նռներին ու սկսում հաշվել։ Օր մեկ, օր երկու, օր երեք․․․օր վերջին ու միաժամանակ օր առաջին և դու Աստծո առաջ կանգնած ես, Աստծո տանն ես ու հիշում ես հինն ու նորը։
Տարվա վերջին և առաջին օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հաստատվել է նռան օրհնության կարգը։ Ամեն տարի Ամանորի գիշերը Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում Հանրապետական մաղթանքի ավարտին կատարվում է նռնօրհնեքի արարողություն:
Նռնենու պտուղը խորհրդանշում է մարգարեներին. դառը կեղևը Հին Կտակարանի Օրենքն է ու մարգարեությունները, որոնք կանխասաց վկայություններով նախապատրաստում էին Փրկչի գալստյանը և ավետում աստվածային փրկագործությունը: Կեղևի մեջ պարփակված կարմրագույն պտուղը` Ս. Ավետարանն է, որն իր Բարի ավետիսով՝ աստվածային սիրո, զոհաբերության ու շնորհաբաշխության խորհրդով պարգևեց փրկություն և հավիտենական կյանք. «Իսկ երբ մեր Փրկիչ Աստծո քաղցրությունը եւ մարդասիրությունը հայտնվեց, - ոչ այն արդարության գործերի համար, որ մենք արեցինք, այլ, իր ողորմության համաձայն, - փրկեց մեզ վերստին ծննդյան ավազանի միջոցով եւ նորոգությամբ Սուրբ Հոգու, որ թափեց մեր վրա առատությամբ մեր Փրկչի` Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի, նրա շնորհով արդարացված, ժառանգներ լինենք հավիտենական կյանքի հույսով» (Տիտոս Գ 4-7):
Ամանորի գիշերը Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիները բաց են ու սպասում են հին ու նոր մարդկանց, իրենց հին ու նոր մտքերով, հույսերով։ Հայկական ավանդության մեջ նուռը` իբրև ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի և առատության իմաստը: Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը խորհրդապատկերն է Հիսուս Քրիստոսի հեղած արյան` խորհրդանշելով նաև Տիրոջ հրաշափառ Հարությունն ու Աստծու շնորհների բազմազանությունը: Հայոց Եկեղեցու վարդապետների և հայրերի մեկնություններում նուռը ներկայացվում է նաև այն խորհրդաբանությամբ, որ նռան հատիկների պես Եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատված են նռան նման պինդ կեղևով` միավորված լինելով մեկ Եկեղեցու մեջ:
Յուրաքանչյուրիս մոտ գալիս է մի պահ, երբ ցանկանում ենք թողնել հինն ու մի նոր բան սկսել, հիմք դնել ինչ-որ նոր բանի։ Եվ սկսում ես հիշել, հաշվել ու պլանավորել։ Տարին ունի 365-366 օր․ ի՞նչ եմ արել ես այդ օրերի ընթացքում և տարվա վերջի այս օրը բարձրաձայնենք այս հարցը, վերցրենք օրհնված նուռն ու ամեն նոր օր սկսեք ժպիտով, ժպիտ նվիրելով, բարությամբ, բարիք նվիրելով։ Հաշվեք՝ հատիկ մեկ՝ օր մեկ, հատիկ երկու՝ օր երկու, ամեն հատիկ նոր օր է, նոր հնարավորություն։