ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է միջմարզային ուղևորափոխադրումներ իրականացնող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների։
Նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նրանք իրենց մտահոգություններն են ներկայացրել ավտոկայարանների վիճակի, վերջնականգառների, չվացուցակների պահպանման և այլ խնդիրների շուրջ։
Մի շարք հարցերի տեղում պարզաբանումներ են տրվել։ Օրինակ՝ Երևանից Գեղարդ ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպության ղեկավարը նշել է, որ այդ ուղղությամբ հնարավոր չէ ձմռան ամիսներին սպասարկում իրականացնել ըստ սահմանված չվացուցակի, քանի որ որոշակի ժամերի ուղևոր ընդհանրապես չի լինում։ Ամռանն էլ ուղևորահոսքն այնքան մեծ է, որ լրացուցիչ ուղերթների անհրաժեշտություն է լինում։
Որպես խնդրի լուծում՝ առաջարկվել է կիրառել սեզոնային չվացուցակի տարբերակը, ինչին համաձայնություն է տրվել։
Փոխադրողը նաև գոհունակություն է հայտնել Ողջաբերդի հատվածում ճանապարհի բարեկարգման առնչությամբ։
Վահան Մարտիրոսյանն ընդգծել է, որ այդ ճանապարհը ներառվել է հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհների ցանկում և այսուհետ մշտապես բարեկարգ կլինի։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Միասնական երթուղային ցանց ստեղծելու ծրագրին։ Ներկայացվել են նախարարության մոտեցումները։ Պայմանավորվածություն ձեռք բերվել, որպեսզի ուղևորափոխադրողները ևս նախագծի և բարձրացված խնդիրների վերաբերյալ իրենց առաջարկությունները գրավոր ներկայացնեն նախարարության համապատասխան վարչությանը և սերտ կապի մեջ լինեն վարչության աշխատակիցների հետ, ցանկացած խնդիր տեղում ներկայացնելու և պարզաբանում ստանալու համար։