Արդեն տեղեկացրել էինք, որ Ռուսաստանում ստորագրահավաք է սկսվել՝ Երեւանում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանն ապամոնտաժելու պահանջով: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ԱԺ-ում պատասխանելով այն հարցին, թե՝ հնարավո՞ր է, որ ստորագրությունների թիվն այնքան լինի, որ Հայաստանում որոշում կայացնեն ի վերջո հեռացնել արձանը, ասաց.
«Դա սադրանք է: Սերգեյ Մարկովը, որն ադրբեջանական հայացքներ ունի, խմիչքի հետ բավականին սեր ունեցող անձնավորություն է, հայտնի ալկագոլիկ է, որը ուսումնասիրված է եւ, բնականաբար, այդ լոբբինգը պետք է աներ: Ռուսաստանի ամենաբարձր մակարդակների հետ այս հարցը պարզաբանված է, որեւէ խնդիր նրանք չեն տեսնում: Չի բացառվում, որ վաղն էլ այդ անձը հարց բարձրացնի Դումայում, որ Ադրբեջանում գտնվող անտուն շներին ապաստան տան»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ նշելով, որ ստորագրահավաքը թշնամու կողմից կազմակերպված ակցիա է:
«Հայկական ժամանակ»-ի դիտարկմանը, թե մի քանի ամիս առաջ էլ ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերության եթերով կարծիք հնչեց, որ Նժդեհը ֆաշիզմի հետ է ասոցացվում, սա էլ ՌԴ ՊՆ-ի լրատվամիջոցն էր, Ադրբեջանի հետ կապ չունեցող, Վահրամ Բաղդասարյանն ասաց.
«Դա Ձեզ է թվում, որ կապ չունի: Բնականաբար, 150 միլիոնանոց երկրում հնարավոր է, որ նմանատիպ մի քանի հոգի հայտնվեն, իսկ այնտեղ քիչ չեն լինի մարդիկ, որ մեր լավը չեն ուզի եւ Գարեգին Նժդեհի մասին բացասական կարծիքներ կասեն: Դրանք սադրանքներ են եւ այս հարցն ամենաբարձր մակարդակներում պարզաբանված է: Նժդեհը մեր ազգային հերոսն է, նա հայ ազգի կողմից ընդունված անձնավորություն է»,- ասաց խմբակցության ղեկավարը՝ նշելով, որ պարզաբանված ասելով նկատի ունի այդ դեպքը, երբ հարցը բարձրաձայնել էր «Զվեզդա» հ/ը-ն:
Բաղդասարյանի կարծիքով՝ նման ակցիաներ իրականացնում են, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները լարվեն, միջազգային հանրությունն էլ տեսնի, թե՝ հայերը կապված են ֆաշիզմի գաղափարախոսության հետ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվահամարում: