Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
05.02.18 | 20:33
Փետրվարի 5-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Նիստի սկզբում Արա Բաբլոյանն առաջարկել է հայոց խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կղեկավարի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:
Խորհուրդը հաստատել է Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և փետրվարի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանել հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունն ու տևողությունը: «Միջհամայնքային միավորումների մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքներում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի քննարկման համար սահմանվել է մինչև 3 ժամ տևողություն:
Խորհրդի նիստից հետո նույն կազմով տեղի ունեցած աշխատանքային քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը տեղեկատվություն է տրամադրել խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման շուրջ ընթացող գործընթացների, ԵՄ անդամ երկրների խորհրդարանների հետ համագործակցության ձևաչափի, «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված երրորդ Գլոբալ ֆորումի կազմակերպման, ինչպես նաև բարեկամական խմբերի աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու առնչությամբ: Նշենք, որ Գլոբալ ֆորումը կազմակերպվում է ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:
Վերոնշյալ հարցերն առաջիկայում մանրամասն քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության՝ հունվարի 28-30-ը Սլովակիայի Հանրապետություն, ինչպես նաև իր գլխավորած պատվիրակության՝ հունվարի 26-27-ը Սանկտ Պետերբուրգ կատարած այցերի վերաբերյալ: