Ես՝ որպես իրավաբան, իմ կարիերան սկսել եմ Սահմանադրական դատարանից՝ առաջին մասնագետից հասնելով մինչև իրավաբանական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնին: Այսօր ՍԴ աշխատակազմին պաշտոնապես ներկայացվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանը՝ հավելելով, որ ինքը երբեք ՍԴ-ի հետ կապը չի կորցրել: Նա հիշեց, որ Սահմանադրական բարեփոխումների հետ կապված քննարկումներն էլ են եղել հենց ՍԴ շենքում:
«Վստահեցնում եմ՝ Սահմանադրական դատարանի շենքը ես ավելի լավ գիտեմ, քան Ազգային ժողովի շենքը, որովհետև այն բարդ է»,-ասաց նա:
Թովմասյանը, համեմատական անցկացնելով խորհրդարանականի և ՍԴ անդամի աշխատանքների մեջ, ԱԺ աշխատանքները համեմատեց սպորտային թիմային խաղերի հետ, որտեղ առաջնային է թիմային խաղը, իսկ ՍԴ-ում շախմատ է:
«ԱԺ-ի աշխատանքը ֆուտբոլի ու բասկետբոլի նման թիմային է, իսկ այստեղ շախմատ է, այսինքն՝ ավելի բարդ է, ավելի նուրբ է և ոսկերչական նրբություններ է պահանջում:
ՍԴ-ն այն վերջին կետն է, որտեղ պետք մաքրվի, ֆիլտրվի և բացառվի հակասահմանադրական դրույթների կյանքի կոչումը: ԱԺ-ում դեռ կարող են նման բաներ լինել, բայց սա վերջին ատյանն է նման բաները բացառելու համար: Սա զուտ մասնագիտական աշխատանք է, քանի որ նստում ես, փակվում քո սենյակում ու քո գիտելիքներով, գրքերով, վերլուծություններով փորձում ես լուծում գտնել քո գործընկերների հետ միասին»,- ընդգծեց Թովմասյանը:
Tert.am-ի դիտարկմանը, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ եղած լինելը չի՞ կաշկանդելու որոշումներ կայացնելիս՝ հաշվի առնելով, որ ընդդիմությունն է հիմնականում դիմում ՍԴ՝ ընտրություններից կամ ՀՀԿ-ի հաստատած որոշումներից հետո, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Բացարձակ չի կաշկանդելու: Ես ընտրվել եմ շատ ավելի երկար ժամանակով, քան այս գումարման ԱԺ-ն է, իսկ Դուք ՍԴ դահլիճում տեսել եք դատավորներ, որոնք նշանակվել են 1996 թվականին, երբ միանգամայն այլ իշխանություն էր: Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում որևէ մեկի, որևէ մի քաղաքական ուժի, թիմի դեմ կամ կողմ չէ, այլ մեր երկրում Սահմանադրության գերակայությունն ապահովելուն ուղղված ակտ է, որին հետ համաձայն են բոլորը: Կլինի ընտրական վեճ, թե կառավարության որոշում, միջազգային պայմանագիր, թե օրենք, միևնույն է՝ բոլորը ցանկանում են, որ Սահմանադրության գերակայությունն ապահովի»: