Վահան Մարտիրոսյանն ուկրաինացի գործընկերոջ հետ քննարկել է երկու երկրների միջև բեռնափոխադրումների ընդլայնմանը վերաբերող հարցեր
05.03.18 | 21:32
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վիկտոր Դովգանի գլխավորած պատվիրակությանը։
Վ. Դովգանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև տրանսպորտի ոլորտում երկկողմ համագործակցությունն առաջիկայում կշարունակվի և հաջողություններ կգրանցի։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Երևանում մարտի 5-ին մեկնարկած «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի նիստի աշխատանքների վերաբերյալ, որին մասնակցում են նաև Ուկրաինայի ներկայացուցիչները։
Քննարկվել են երկու երկրների միջև բեռնափոխադրումների ընդլայնմանը, մասնավորապես, 2007թ. կնքված համաձայնագրում փոփոխություններ կատարելու, գործընթացը պարզեցնելու անհրաժեշտությանն առնչվող հարցեր:
Նախարարը, ընդգծելով Ուկրաինա-Իրան տրանսպորտային միջանցքի առանձնահատկությունները, կարևորել է Հայաստանի տարածքով մուլտիմոդալ փոխադրումների կազմակերպումը: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին քննարկելու այդ միջանցքի շուրջ հնարավոր ծրագրերը:
Վահան Մարտիրոսյանը Վիկտոր Դովգանին ներկայացրել է Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի առանձնահատկությունները, մասնավորապես, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կարևորությունը, նաև տրանսպորտի բնագավառի առաջնահերթությունները։