Ապրիլյան դեպքերից վախեցած, իսկ Հռոմի պապի այցից ոգևորված են մեր հյուրերը. Հարություն Խաչատրյան
29.06.16 | 13:21
Մեկնարկում է «Ոսկե Ծիրան 2016» Երևանի միջազգային կինոփառատոնը: Փառատոնն այս տարի ևս հագեցած է անակնկալներով` չնայած եղած խնդիրների:
«Շատ ծանր տարի էր, քանի որ փառատոնն ապրող կենդանի օրգանիզմ է, և այն ամենն ինչ կատարվում է Հայաստանում, ազդում է նրա վրա: Հյուրերից շատերը վախենում էին գալ Հայաստանյան՝ ապրլիլյան դեպքերից հետո, բայց շատերը նորից վոգևորվեցին Հռոմի Պապի այցից: «Ոսկե Ծիրան 2016»-ի թիմը, հաղթահարելով բոլոր դժվարությունները, փորձեց ամեն ինչ անել լավագույն ժյուրի և ֆիլմեր ներառելու համար»,-նշեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանն այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:
Ի տարբերություն նախորդ տարիների փառատոնն այս տարի չի անցկացվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Կազմակերպիչները այդ հանգամանքը բացատրեցին ավելորդ ծախսերից խուսափելու հանգամանքով:
Գլխավոր ժյուրիի նախագահը աշխարհի լավագույն հայերից մեկն է՝ Տիգրան Մանսուրյանը:
«Թե՛ Մանսուրյանի երաժշտությունը, թե՛ նա որպես անձ ու երկրի քաղաքացի հայերի համար շատ կարևոր մարդ է»- նշեց Հարություն Խաչատրյանը:
«Ոսկե Ծիրան 2016»-ը հարգանքի տուրք կմատուցի հայ հայտնի վավերագրող Ռուբեն Գևորգյանցին՝ 70-ամյա հոբելյանի կապակցությամբ, վերջինս իր գործունեության ընթացքում 70 ֆիլմ է նկարել: Փառատոնի շրջանակներում կնշվի նաև Ռոման Բալայանի 75 ամյակը:
Նշենք նաև, որ այս տարի 3 աստղ կբացվի ավագ սերնդի ներկայացուցիչ վարպետների անուններով՝ Էդմոնդ Քյոսայան, Ալբերտ Յավուրյան և Դմիտրի Կեսայանց:
Արմինե Բրսոյան