Ռեժիսոր եւ դերասան Ջոն Ֆավրոն հանդես կգա «Աստղային պատերազմների» նոր հեռուստասերիալի պրոդյուսերի եւ սցենարիստի դերում: Այդ մասին հայտնել են Disney կինոընկերության ներկայացուցիչները, որին պատկանում են ֆրանշիզայի նկատմամբ իրավունքները:
Ինչպես ասված է կինոսագայի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ, Ֆավրոն « պարտավորագիր է ստորագրել դառնալու «Աստղային պատերազմներ» խաղարկային սերիալի պրոդյուսեր եւ սցենարիստ, որը կթողարկվի Disney-ի նոր ինտերնետ-պլատֆորմում»:
Ֆավրոն արդեն մասնակցել է նշանավոր կինոսագայի այլ նախագծերի ստեղծմանը: Նա, մասնավորապես, աշխատել է «Աստղային պատերազմներ. կլոնների պատերազմները» մուլտսերիալի (2008-2015 թթ.) վրա:
51-ամյա Ֆավրոն, որը Emmy մրցանակի անվանակարգորդ է, այնպիսի ֆիլմերի ռեժիսորն է, ինչպիսիք են՝ «Երկաթյա մարդը» (2008 թ.), «Ջունգլիների գիրքը» (2016 թ.) ժապավենները: Նոր սերիալի մանրամասները եւ դրա թողարկման ամսաթիվն առայժմ հրապարակված չեն:
Ռեժիսոր Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» էպիկական սագան դարձել է համաշխարհային կինեմատոգրաֆի ամենանշանավոր երեւույթներից մեկը եւ իր շուրջը միլիոնավոր երկրպագուների հավաքել ամբողջ աշխարհում: Առաջին ֆիլմը, որը էկրան է բարձրացել 1977 թվականին, 11 մլն դոլարի բյուջեի դեպքում համաշխարհային վարձույթում հավաքել է 775,4 մլն դոլար՝ իր համար ապահովելով կուլտային կարգավիճակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: