Ինչպե՞ս է գարունը ազդում սեռական կյանքի վրա
16.03.18 | 00:00
Գարունը մի շարք փոփոխություններ է առաջ բերում մարդու օրգանիզմում, եւ, իհարկե, կարող է ազդել նրա սեռական կյանքի վրա: Այդ ազդեցության մասին մեր թղթակիցը զրուցել է սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանի հետ:
Մասնագետի խոսքով՝ գարնանը մարդու հորմոնալ համակարգը ակտիվանում է: Օրերը աստիճանաբար երկարում են, տրամադրությունը բարձրանում է, օրգանիզմը սկսում է ավելի մեծ քանակությամբ սեռական հորմոններ սինթեզել: Այս ամենն, իհարկե, դրական է ազդում լիբիդոյի եւ, հետեւաբար, նաեւ սեռական կյանքի վրա, նշում է մասնագետը:
Սակայն դա չի վերաբերվում քրոնիկ որեւէ հիվանդությամբ տառապող մարդկանց: Բանն այն է, որ գարնանը հիվանդությունները սովորաբար սրվում են (սիրտ-անոթային, մաշկային հիվանդություններ եւ այլն): Այսպիսի սրացումը կարող է բացասաբար անդրադառնալ սեռական կյանքի վրա: Որոշ մարդկանց մոտ գարնանը դեպրեսիա է սկսվում, որը նույնպես խանգարում է ապրել առողջ սեռական կյանքով: Սեռական բնույթի խնդիրները զուգընկերոջ բացակայության պայմաններում կարող են էլ ավելի բարդանալ:
Սրվում են, ի դեպ, ոչ միայն սոմատիկ հիվանդությունները, այլ նաեւ սեռական խանգարումները, նշում է մասնագետը:
Սեռական կյանքում գարնանային խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս առողջ կենսակերպ վարել՝ առաջին հերթին հրաժարվել ծխելուց, քանի որ ծխողները ավելի հաճախ են սեռական խնդիրներ եւ խանգարումներ ունենում: Իսկ եթե դուք քրոնիկ որեւէ հիվանդություն ունեք, անպայման դիմեք բժշկի եւ հետեւեք նրա խորհուրդներին: