ԼՂ դեմ Ադրբեջանի կողմից բարբարոսական արարքները հիշեցնում են Թուրքիայի կողմից որդեգրված ցեղասպան ձեռագիրը
22.04.16 | 11:31
Ապրիլի 19-ին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ Բյուշ-Դե-Ռոնի շրջանային խորհրդի շենքի պաշտոնական սրահում տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշապաստառի բացում` խորհրդի նախագահ Մարտին Վասալի նախաձեռնությամբ և մասնակցությամբ:
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցում էին Մարսելի 11-12 սեկտորի պատգամավոր-քաղաքապետ Վալերի Բուայեն, 9-10 սեկտորի քաղաքապետ Լիոնել Ռուայե-Պեռոն, Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փառաքյանը, հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հարավային խորհրդի /CCAF-SUD/ նախագահ Սիմոն Ազիլազյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, Մարսելում հավատարմագրված մի շարք երկրների գլխավոր հյուպատոսներ, հյուպատոսներ, քաղաքական գործիչներ, համայնքային կառույցների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, հայ, ֆրանսիացի եւ այլազգի հասարակական եւ մշակութային գործիչներ, հայ համայնքի անդամներ։
Բանախոսները նշել են , որ Հայոց ցեղասպանության միջազգային պայքարը շարունակվելու է մինչև Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը, մինչև ցեղասպանության ժխտողականության քրեականացման մասին օրենքի ընդունումը: Բանախոսները զուգահեռներ են ացկացրել նաև Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին լայնածավալ հարձակումների միջև, որի ընթացքում ադրբեջանական ուժերը կանխամտածված թիրախ էին դարձրել քաղաքացիական բնակավայրերը ու խաղաղ բնակչությանը եւ որին զոհ դարձան այդ թվում երեխաներ ու ծերեր:
Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից բարբարոսական արարքները հիշեցնում են Թուրքիայի կողմից որդեգրված ցեղասպան ձեռագիրը, երբ հանցագործները իրենց թիրախի ընտրությունը պայմանավորում էին ազգային պատկանելությամբ: