ՀՅԴ ԳՄ անդամ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը կարծում է, որ ապրիլից հետո կառավարությունում ՀՅԴ դիրքերի առումով փոփոխություններ առանձնապես չեն լինի:
«Չկան այդպիսի բանակցություններ՝ ավարտված և այլն, բայց ենթադրում եմ, որ այն, ինչ Դաշնակցությունն այսօր ունի, կշարունակի աշխատել, եթե քաղաքական համաձայնությունը կայանա: Կարող է՝ ես ինքս չպահեմ պաշտոնը, բայց կուսակցությունն այդ կառավարության կազմի մեջ կլինի: Մենք կոալիցիայով շարունակելու ենք: Իսկ թե Լոքան Դավիթը նախարար կմնա՞, չգիտեմ, ոչ մեկը չգիտի,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Դ.Լոքյանը` հավելելով, որ քննարկումները կսկսվեն մարտի սկզբներից,- Չեն սկսված այդ քննարկումները, ՀՅԴ ԳՄ-ում էլ չենք քննարկել այդպիսի հարց: Չի ձևակերպված խնդիրն այդպիսին»:
168.am–ի հարցին` ՀՅԴ-ն ուղղակի համաձայնելո՞ւ է ՀՀԿ-ի առաջարկներին կամ որոշումներին, Դ.Լոքյանը հարցադրումով պատասխանեց. «Ինչո՞ւ պետք է ենթարկվենք հանրապետականների առաջարկներին կամ որոշումներին, մենք մեր որոշումներն ենք կայացնում»:
Մեր դիտարկմանը, չէ՞ որ ՀՀԿ-ն կոալիցիոն «մեծ եղբայրն» է, ՀՅԴ ԳՄ անդամը վստահեցրեց. «Կոալիցիայում մեծ ու փոքր եղբայրներ չեն լինում: Կոալիցիայում քաղաքական ուժեր են, որոնք միասին որոշում են՝ ինչպիսի ճանապարհ են անցնելու»:
Մեր ճշտող հարցին` այսինքն ՀՅԴ-ն պահանջներ ներկայացնելո՞ւ է, Դ.Լոքյանը պատասխանեց. «Բնական է, նախ` կոալիցիոն համաձայնագիր կա, թե ինչպես մենք պետք է աշխատենք, ինչ կետեր պետք է լինեն առանցքային»: