Մեզ համար զարմանալի չէ, որ նման առաջադրում կարող է լինել. Արմեն Ռուստամյանը՝ Սերժ Սարգսյանի վարչապետության մասին
20.03.18 | 15:32
Մեր համար անսպասելի կամ զարմանալի չէ, որ նման առաջադրում կարող է լինել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցին, որում նա չէր բացառել՝ կարող է ընդունել վարչապետի թեկնածու առաջադրվելու առաջարկը։
«Օրերը մոտենում են, մոտ ժամանակներս խնդիրը վերջնական լուծում կստանա», - նշեց Ռուստամյանը։
Նա ընդգծեց՝ Դաշնակցությունը երբեք չի բացառել, որ Սերժ Սարգսյանը կարող է առաջադրվել վարչապետի պաշտոնում. «Մենք չենք պայմանավորել սահմանադրական փոփոխությունները դրանով։ Մենք մեր «այո»-ն ասել ենք անկախ նրանից, հետագայում Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ, թե՝ ոչ», - նշեց նա։
Ռուստամյանն անհրաժեշտություն որակեց Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ վերջինս իր փորձում պետք է կրթի երիտասարդ քաղաքական լիդերներին։
«Սերժ Սարգսյանն ունի հսկայական փորձառություն, դա որևէ մեկի համար գաղտնիք չէ։ Սա մեծ փորձառություն է ենթադրում։ Ես դրական եմ համարում, որ Սերժ Սարգսյանը համարում է իր թիվ մեկ գործը՝ այդ փորձը հաջորդ սերունդներին փոխանցելը։ Եթե որևէ մեկին թվում է, որ նոր մեկը կգա՝ անկախ իր ունեցած գիտելիքներից և ունակություններից ու լուրջ խնդիրների առջև չի կանգնի, ապա նա չարաչար սխալվում է։ Փորձը շատ մեծ նշանակություն ունի այս պրոցեսների մեջ», - նշեց նա։
Ռուստամյանը նաև ընդգծեց, որ հանրապետությունում տեղի ունեցած փոփոխությունները, մասնավորապես, ՀՀ-ում տիրող միանձնյա ղեկավարման համակարգի փոփոխությունն առանց Սերժ Սարգսյանի համաձայնության չէին կարող տեղի ունենալ։
«Այդքանը մենք համարում ենք բավարար, որ հարգենք թե՛ նրա անձը, թե՛ նրա կայացրած որոշումները», - ասաց Ռուստամյանն՝ ընդգծելով, որ վարչապետի թեկնածու առաջարկելու իրավունքը Հանրապետականինն է, և եթե նրանք առաջարկեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ապա ՀՅԴ-ն հարգանքով կմոտենա այդ որոշմանը։
Նշենք, որ «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել էին, որ իրենք ոչ մի արտառոց բան Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցի մեջ չեն տեսել։
aysor.am