Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ, 64 կողմ, 27 դեմ ձայնով, Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրեց Հրայր Թովմասյանին, որից հետո շրջաառվեց այն կարծիքը, որ ընտրությունը կատարվել է Սահմանադրության խախտմամբ: Պարզաբանման համար Magnis.News-ը դիմեց ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանին, ով ասաց.
Այսպես՝ 2015 թվականին ընդունված Սահմանադրությամբ Սահմանադրական դատարանի նախագահ նշանակելու նոր կարգն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, իսկ մինչ այդ, բնականաբար, գործում է 2005 թվականին ընդունված Սահմանադրության կանոնները։ 2005 թվականին ընդունված Սահմանադրության 83-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, այսինքն՝ այս պահին գործող կարգով, Սահմանադրական դատարանի նախագահը նշանակվում է Ազգային ժողովի կողմից՝ պաշտոնը թափուր մնալուց հետո 30-օրյա ժամկետում՝ Սահմանադրական դատարանի կազմից։ Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարել են 2018թ-ի մարտի 8-ին, իսկ Հրայր Թովմասյանը նշանակվել է մարտի 21-ին։ Ասվածից ակնհայտ է դառնում, որ որևէ այլ կանոնով Սահմանադրական դատարանի նախագահի նշանակումը կլիներ Սահմանադրության խախտում, այսինքն՝ Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահ նշանակելու ընթացակարգը Սահմանադրությանը համապատասխանող միակ ընթացակարգն էր։ Որևէ այլ կարգով Սահմանադրական դատարանի նախագահ նշանակելը, ինչպես նաև չնշանակելը, կլիներ Սահմանադրության խախտում, քանի որ 30-օրյա ժամկետում նշանակելը Սահմանադրության ուղիղ պահանջ է», - ասաց նա: