«Ի՞նչը պիտի գողնար, զինվոր պիտի գողնա՞ր, ի՞նչ գողնար էդ խեղճ տղեն» Սեյրան Սարոյանը՝ Հայկազ Բաղմանյանի մասին
23.03.18 | 14:12
Երեկ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետի տեղակալ` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով:
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն ասաց, որ Հ. Բաղմանյանն արժանի էր դրան. «Հայկազ Բաղմանյանն արժանի տղա է, լավ անցյալ ունի, ամբողջ պատերազմով անցել է, միշտ առաջին գծում է եղել, դրա համար ամեն մեկին իր ծառայության համար պետությունը մատուցում է, իսկ թերություն բոլորս էլ կարող ենք ունենալ: Տաշած քարը գետնին չի մնա»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ նա հեռացել է պաշտոնական թերացումների համար, գեներալն այսպես արձագանքեց. «Լսի, անթերի մարդ չկա էս աշխարհում, եթե մեկին կարաք գտնեք, որ թերություն չունի, չարաչար սխալվում եք, ձեզնից, սաղիցս բռնած: Աշխատող մարդը միշտ էլ թերություն ա ունենում, չաշխատող մարդը թերություն չի ունենում: Մենակ հավայի խոսացողներդ եք»:
Ճշտող հարցին` այսինքն ներե՞լ են Հ. Բաղմանյանին, Ս. Սարոյանն այսպես արձագանքեց. «Ինչի՞, ի՞նչ ա արել Հայկազը, որ ներեն: Հայկազի ծառայությունները դու գիտե՞ս, Հայկազի անցած ուղին գիտե՞ս գոնե»:
Լրագրողի դիտարկմանը, որ Հ. Բազմանյանը բազմաթիվ կոռուպցիոն սկանդալներում է հայտնվել, Ս. Սարոյանն այսպես արձագանքեց. «Ո՞ր կոռուպցիոն սկանդալներում, ի՞նչ կոռուպցիա, Հայկազի ձեռն ի՞նչ կար, որ կոռուպցիա աներ, զինվորի մարտական պատասխանատվության մեջ կոռուպցիա որտեղի՞ց, նավթ էր առնում՝ ծախում»:
Հարցին էլ՝ այդ դեպքում որտեղի՞ց նրա ունեցվածքը, գեներալն այսպես պատասխանեց. «Քո ի՞նչ գործ, քո տնից գողցե՞ էդ մարդը, ի՞նչ պաշտոն ունի, որ բանակից էլ գողանար, հավայի խոսում եք: Եթե էդ մարդը մարտական պատրաստականության պետն ա, ի՞նչը պիտի գողնար, զինվոր պիտի գողնա՞ր, ի՞նչ գողնար, գողցե ասում ա, տանկ քշելը պիտի գողնար, ի՞նչ պիտի գողնար էդ խեղճ տղեն»:
Դիտարկմանը, թե նրան մեղադրում են տարբեր կոռուպցիոն սկանդալների մեջ՝ Ս. Սարոյանն այսպես արձագանքեց. «Մեղադրողը ղալաթ է անում, գլուխն էլ պատին է տվել, թող գան՝ մի հատ իր դեմն ասեն, ասեն՝ մի տեղից օգուտ է ունեցել»:
Հարցին՝ ի՞նչ կանի, կսպանի՞, Ս. Սարոյանն այսպես արձագանքեց. «Չէ, այ ախչի ջան, չկա տենց բան, ուղղակի չեն կարա դա ապացուցեն, բռնեց-սպանեց, հա՞, վամպի՞ր ա»:
168.am