ԱՄՆ-ում 3 օգտատեր հայց է ներկայացրել Facebook-ի դեմ՝ տվյալների արտահոսքի պատճառով
29.03.18 | 23:51
Facebook Messenger-ի երեք օգտատեր հայց է ներկայացրել Facebook-ի դեմ՝ մեղադրելով սոցիալական ցանցին իրենց անձնական տվյալների գաղտնիությունը խախտելու համար, հայտնում է Reuters գործակալությունը:
Հայցը ներկայացվել է Կալիֆորնիա նահանգի դաշնային դատարան: Հայցվորները պահանջել են ընկերությունից փոխհատուցել վնասները, հասցված վնասի չափը չի նշվում: Ինչպես նշում են հայցվորները, նրանց հայցը հավակնում է հավաքական հայցի կարգավիճակի բոլոր տուժած օգտատերերի անունից:
Անցած շաբաթ հայտնի է դարձել, որ Facebook-ը տեղեկություններ է հավաքում Android օպերացիոն համակարգով գործող սարքերի օգտատերերի զանգերի և sms-ների մասին: Սոցիալական ցանցից պարզաբանել են, որ հավաքել են այդ տվյալները միայն այն դեպքում, երբ այդ հնարավորությունն ընտրել են իրենք՝ օգտատերերը: Facebook-ում նաև ընդգծել են, որ իրենք չեն հավաքում զանգերի կամ տեքստային հաղորդագրությունների բովանդակությունը, ինչպես նաև իրենց կողմից ստացված տեղեկությունը չի փոխանցվում երրորդ անձանց և հուսալի կերպով պաշտպանված է:
Ավելի վաղ սոցիալական ցանցը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ բրիտանական Cambridge Analytica ընկերության հետ համագործակցության պատճառով: Ընկերությունը մեղադրվում է 50 միլիոն օգտատերերի գաղտնի տվյալներին հասանելիություն ունենալու համար, որոնց հիման վրա գնահատվել են նրանց քաղաքական նախասիրությունները և նրանց ցուցադրվել է թիրախավորված գովազդ:
Սոցիալական ցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը համաձայնել է ցուցմունք տալ օգտատերերի տվյալների արտահոսքի առնչությամբ: