Նարեկ Մալյանը չի պատրաստվում դառնալ ամենաերիտասարդ թոշակառու և չի բացառում ոստիկանությունում զբաղեցնել մեկ այլ հաստիք
01.07.16 | 17:41
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ արդեն նախկին խորհրդական Նարեկ Մալյանը բոլորովին մտահոգված չէ զբաղեցրած պաշտոնից ազատվելու որոշումից:
Tert.am-ի հետ զրույցում Մալյանը նկատեց, թե ոստիկանությունում օպտիմալացման գործընթաց է տեղի ունենում, իսկ ոստիկանությունն ու ոստիկանապետը սկսում են ոչ թե ներքևից, այլ ամենավերևից՝ աշխատակազմից:
Դիտարկմանը, թե այսինքն՝ նրա աշխատանքն այդքան էլ կարևորություն չունե՞ր, Նարեկ Մալյանը պատասխանեց, թե կարևորության մասով գնահատական տվողն ինքը չէ, այլ՝ ղեկավարը:
«Միգուցե հաստիքը կրճատում են այն դեպքում, երբ հաստիքը պետքական չի լինում, ոչ թե մարդը. դրանք տարբեր բաներ են։ Մարդը, բնականաբար, իր գործունեությունը շարունակում է: Համենայնդեպս այդքան բուռն չէի գնահատի, ինձ մոտ ոչինչ չի փոխվել»,-ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է նրա հաստիքը կրճատելու պատճառ է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի հետ հակամարտությունը, ՀՀ ոստիկանապետի արդեն նախկին խորհրդականը պատասխանեց. «Եթե ինչ-որ մարդկանց դուր է գալիս, որ աշխատակազմից 7 հաստիքի կրճատումը կապված է Մհեր Ենոքյանի հետ, ինչ ասեմ, թող այդպես էլ մտածեն: Ավելացնելու ոչինչ չունեմ»,-ասաց նա:
Նարեկ Մալյանը նշեց, թե նոր գործունեություն ծավալելու և նոր աշխատանքի անցնելու դեպքում անպայման կտեղեկացնի և շեշտեց՝ կլինի շատ շուտով:
«Ձեզ վստահեցնում եմ, հո չե՞մ դառնալու ամենաերիտասարդ թոշակառուն»,-ասաց նա:
Իսկ թե ի՞նչ ոլորտ կտեղափոխվի, պատասխանեց. «Ես ձեզ ասացի, որ ոլո՞րտ եմ փոխելու»:
Հարցին, թե այսինքն՝ հնարավոր է, որ ոստիկանությունում մեկ այլ հաստի՞ք զբաղեցնի, Մալյանը պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է»: