Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը որեւէ ոլորտում դուրս է Հայաստան-ԵՄ համագործակցությունից, այստեղ հակասություն չկա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս նշեց ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հարց ուղղեց, որ եթե Ռուսաստանը որոշի Հայաստանում ատոմակայան կառուցել իր տեխնոլոգիաներով ու իր փողով, արդյոք դա չի հակասի այն պարտավորություններին, որոնք կան Հայաստան-ԵՄ համաձայնագրում:
Ի պատասխան Կարեն Նազարյանը նշեց. «Պարտավորվածությունների մասով որեւէ խնդիր հետագայում չի կարող առաջանալ, որովհետեւ մեզ համար շատ էական է ատոմային էներգետիկայի զարգացումը: Եթե այդ ճանապարհին կլինեն գործընկերներ, որոնք ցանկություն կունենան մասնակցելու ոլորտի զարգացմանը, մենք անպայման կօգտվենք այդ առիթից: Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը որեւէ ոլորտում դուրս է Հայաստան-ԵՄ համագործակցությունից, այստեղ հակասություն չկա»: