Մենք չեն սահմանափակել կամ փոքրացրել Կարեն Կարապետյանի լիազորությունները, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետայնը չի ունեցել այն լիազորությունները, որոնք ունենալու է նոր վարչապետը ապրիլի 17-ից։ Մանրամասնեմ՝ նա չի ունեցել արտաքին գործերը, ուժային կառույցները, անվտանգության խորհուրդը ղեկավարելու իրավունք։
Բոլոր այն հեքիաթները, որ մենք Կարեն Կարապետյանին «քցում ենք» կամ նրա լիազորությունները սահմանափակում ենք, ուտոպիայի ժանրից են», - նշեց Շարմազանովը։
Վերջինս ընդգծեց, որ Կարեն Կարապետյանը շարունակելու է իր դերակատարումն ունենալ կառավարման համակարգում, պարզապես կառավարման համակարգի առաջամարտիկը լինելու է իշխող քաղաքական ուժի ղեկավար Սերժ Սարգսյանը, ինչպես ընդունված է բոլոր ժողովրդավարական պառլամենտական երկրներում:
«Որևէ պառլամենտական երկրում, որտեղ այս կամ այն կուսակցությունը գալիս է իշխանության, վարչապետի թեկնածու լինում է այն անձը, ով տվյալ կուսակցության լիդերն է», - նշեց նա։
Շարմազանովը չբացառեց, որ Կարեն Կարապետյանը կարող է շարունակել իր գործունեությունն արդեն առաջին փոխվարչապետի պաշտոնում։
Դիտարկմանը, թե հենց Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք հնարավոր եղավ տնտեսական աճի բարձր ցուցանիշ գրանցել, Շարմազանովը հակադարձեց.
«Չնսեմացնելով Կարեն Կարապետյանի դերն ու նշանակությունը կառավարման համակարգում՝ այնուհանդերձ պետք է ասեմ, որ միայն մեկ անձով պայմանավորել հաջողություններն արդար չէ։ Կարեն Կարապետյանը մեր թիմի առանցքային ներկայացուցիչներից մեկն է, բայց մեր թիմն ունի մեկ առաջնորդ՝ Սերժ Սարգսյանը»։