Եվրախորհրդարանը Ցուկերբերգին կրկին հրավիրել է պատասխանելու պատգամավորների հարցերին
13.04.18 | 22:32
Եվրախորհրդարանը (ԵԽ) որոշել է կրկին հրավիրել Facebook խոշորագույն սոցիալական ցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգին անձամբ պատասխանելու պատգամավորների հարցերին Facebook-ից Եվրամիության քաղաքացիների անձնական տվյալների ընդգրկուն արտահոսերի հետաքննության առնչությամբ, որն սկսվել է Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica շուկայավարական ընկերության գործունեության շուրջը ծագած սկանդալի պատճառով, РИА Новости-ն հայտնել են ԵԽ-ի մամուլի ծառայությունից:
Եվրահանձնաժողովն ավելի վաղ Facebook ընկերությունից նամակ է ստացել այն բանի հաստատումով, որ Եվրոպայի օգտատերերի տվյալները հայտնվել են Cambridge Analytica-ի տնօրինության տակ: Եվրամիության գործադիր կոլեգիայի նախնական գնահատմամբ՝ արտահոսերի սկանդալը կարող Է վերաբերել ԵՄ-ի ավելի քան 2,7 միլիոն քաղաքացիների:
«Եվրախորհրդարանի քաղաքական խմբակցությունների առաջնորդները որոշել են կրկնական հրավեր ուղարկել պարոն Ցուկերբերգին», - ասել է գործակալության զրուցակիցը:
Թե ինչ ժամկետների մասին է խոսքը, նա չի հայտնել: Սկզբնապես Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին Ցուկերբերգին հրավիրել էր ԵԽ-ում ելույթ ունենալու մարտի 19-ին: Facebook-ում, իրենց հերթին, առաջարկել էին ուղարկել ընկերության փոխնախագահ Ջոել Քապլանին, բայց եվրախորհրդարանականները դրան չէին համաձայնել: