Առերեսվեք իրականությանը. Արարատ Միրզոյանի պատասխանը՝ Սամվել Ֆարմանյանին
28.04.18 | 14:38
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը պատասխանել է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանին, որն այսօր Նիկոլ Փաշինյանին հրավիրել էր հանդիպելու, որպեսզի Փաշինյանը բացատրի, թե ինչու պետք է քվեարկեն իր օգտին։
«Տեսա գրառումդ, եղբայր։ Կարճ ասեմ՝ ի լուր քեզ , քո գործընկերների, ՀՀ քաղաքացիների և ողջ աշխարհի։
Ողջունում եմ քո պատրաստակամությունը՝ ձեր ֆրակցիայում խոսել Նիկոլ Փաշինյանին միաձայն վարչապետ ընտրելու օգտին՝ իբրև իրավիճակի միակ հնարավոր և պետության համար շահեկան հանգուցալուծում։
Մի քանի ճշգրտում. Միշտ պատրաստ ենք եղել խոսել ձեր ֆրակցիայի հետ։ Ցավոք, ցայսօր միայն մերժում ենք ստացել։ Հարցրա Վահրամ Բաղդասարյանին, հարցրա Գագիկ Մինասյանին և այլոց։
Իզուր ես գրառմանդ մեջ նշում Ռուսաստանը։ Մեռանք ասելով՝ այս շարժումը աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի, այլ երկրի աջակցություն և միջամտություն չունի։ Չունի և վերջ։ Դադարացրեք նման երանգավորումը։
Եվ վերջում. Մի քիչ շփվեք ընտրողների հետ, ՀՀ քաղաքացիների հետ։ Մի վախեցեք և նրանց ահաբեկիչներ մի անվանեք։ Առերեսվեք իրականությանը։ Սթափվեք, ինչպես կասեր դասականը, գժուկներ։
Քո ուսանողական ընկեր Արարատ», - Facebook-յան իր էջում գրել է Արարատ Միրզոյանը։