ՍԴ դատավորի այլ թեկնածու չկա՞ր, որ պատգամավորներն այլընտրանք ունենային. Սերգեյ Բագրատյանը՝ Կոստանյանին
03.05.18 | 10:49
Չնսեմացնելով Էմիլ Բաբայանի արժանիքները՝ արդյոք այլ թեկնածու չկար, որ պատգամավորներն այլընտրանք ունենային, Աժ-ում ՍԴ դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
«Գերադասելի կլիներ նաև, որ ավելի վաղ թեկնածուն ներկայացվեր հանրությանը և նոր այսօր քննարկեինք նրա թեկնածությունը», - ասաց Բագրատյանը։
Ի պատասխան՝ Կոստանյանն ասաց, որ ինքը բացառապես Էմիլ Բաբայանի պրոֆեսիոնալիզմի մասին է խոսում։
«Ինչո՞ւ եմ հենց ես ներկայացնում նրա թեկնածությունը։ Ես օրինակ բերեցի ԵԽ նախարարների կոմիտեում Բաբայանի՝ Ղարաբաղի շահերը ներկայացնելու փաստը, որովհետև ինձանից բացի, ուրիշ ոչ ոք այդ մասին չգիտի, քանի որ նախարարների նիստերը փակ են, հրապարակման ու լուսաբանման ենթակա չեն, հետևաբար բացի ինձանից ուրիշ ոչ ոք չէր կարող դա ասել, քանի որ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի պատվիարկության ղեկավարը ես եմ», - նշեց Կոստանյանը։
Նա նաև նկատեց, որ վստահ է՝ կան մի շարք արժանավոր երիտասարդներ, ովքեր այս պաշտոնը կարող են զբաղեցնել, մինչդեռ Սահմանադրությամբ սահմանված է, որ այդ պաշտոնում թեկնածու է նշանակում նախագահը և նշանակվում է մեկ թեկնածու։
«Կարգավորումն այդպիսին է։ Եթե Սահմանադրությունը 4 թեկնածու նախատեսեր ներկայացնել, այդպես կլիներ», - եզրափակեց Կոստանյանը։
Նշենք, որ ՍԴ դատավորի թափուր պաշտոնի համար ՀՀ նախագահն առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը։