Video. Մենք հնարավորություն ենք տալու, որ քաղաքական ճգնաժամը չխորանա և մենք ունենանք վարչապետ. Շարմազանով
03.05.18 | 12:25
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պնդում է, որ ինքը չի փոխել վարչապետի պաշտոնում «Ելք»-ի թեկնածու Նիկոլ Փաշինյանի թեկնածության մասին իր կարծիքը և այդպես էլ քվեարկելու է մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններում։
«Ես անձնապես պատրաստ չեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին», - այսօր պատասխանելով լրագրողների հարցին՝ հայտարարեց Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ ինքը այն անձնավորությունը չէ, որ պահի տակ փոխի դիրքորոշումը։
Նրա խոսքով՝ հանուն Հայաստանի «Հանրապետական» խմբակցությունը կքվեարկի, որ երկիրն ունենա վարչապետ։ Միաժամանակ, ԱԺ փոխնախագահը պնդեց, որ երկրին պետք են նաև սկզբունքային գործիչներ։
«Մենք հնարավորություն ենք տալու, որ քաղաքական ճգնաժամը չխորանա, և մենք ունենանք վարչապետ։ Կարևորը սա է, մնացյալը երկրորդական է», - հայտարարեց Շարմազանովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք «Հանրապետական» խմբակցությունը երկատված չէ։
Լրագրողը փորձեց հստակեցնել ինչպե՞ս է լինելու քվեարկությունը՝ գործարար հատվա՞ծն է կողմ քվեարկելու վարչապետի թեկնածուին, Շարմազանովը պատասխանեց, որ դա դեռ քննարկելու հարց է։
ԱԺ փոխնախագահը բացառեց, որ Հանրապետական խմբակցությունը մի գիշերում փոխի որոշումը։
Մանրամասն՝ տեսանյությում