Իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու, երկրից արմատախիլ է արվելու կոռուպցիան և վերջ. Նիկոլ Փաշինյան
08.05.18 | 12:37
Բռնությունն այլևս տեղ չունի Հայաստանի ներքաղաքական կյանքում և ընդհանրապես, ներհայաստանյան հարաբերություններում, այսօր Ազգային ժողովում ունեցած իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Ավտոմատները պետք է լռեն հավիտյան, և ժողովրդական կամքի անառարկելիությունը պետք է լինի այն առանցքը, որի շուրջ պետք է տեղի ունենա հայկական պետականության կայացումն ու հզորացումը», - հայտարարեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ նոր կառավարության առաջնահերթությունը լինելու է Հայաստանում Արցախում և Սփյուռքում ձևավորել ազգային համաձայնության մթնոլորտ, Հայաստանում հաստատել իրավունքի և օրենքի վրա հիմնված ազգային միասնություն:
«Հայաստանում արտոնյալներ չեն լինելու և վերջ, ընտրությունների արդյունքները չեն կեղծվելու, ընտրակաշառք չի բաժանվելու և վերջ, տնտեսական մենաշնորհներ չեն լինելու, յուրաքանչյուր ոք զբաղվելու է իր նախընտրած բիզնեսով և վերջ, մարդու իրավունքները պաշտպանված են լինելու և վերջ, իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու և վերջ, երկրից արմատախիլ է արվելու կոռուպցիան և վերջ, օրենքը լինելու է գերակայություն և վերջ», - հայտարարեց Փաշինյանը:
Նա վստահեցրեց, որ կառավարությունը շրջադարձային փոփոխություններ է կատարելու ու ընդգծեց, որ այս ամենին հասնելու են առանց վենդետաների ու առանց սեփականության վերաբաշխման՝ «խստորեն պահպանելով քաղաքացիների շահերը, իրավունքները»:
«Քաղաքական և տնտեսական հետապնդումների էջը այլևս փակված է Հայաստանում և օրենքը հավասարապես պետք է գործի ինչպես քաղաքական համախոհների, այնպես էլ քաղաքական մրցակիցների նկատմամբ: Սա է հայկական հեղափոխության հիմնական ու կարևոր ուղերձը, որին հավատարիմ պետք է մնանք մինչև վերջ», - հայտարարեց Փաշինյանը:
Նա հորդորեց Հայաստանում ներդրումներ անել ցանկացողներին գալ Հայաստան ու կատարել ներդրումներ. «Ձեր վերադարձի ժամը եկել է: Հայաստանի տնտեսական դաշտը սպասում է ձեր ներդրումներին»: