Հայաստանը կշարունակի մնալ և՛ ԵԱՏՄ, և՛ ՀԱՊԿ անդամ. Նիկոլ Փաշինյան
08.05.18 | 12:53
Այսօր Ազգային ժողովում ունեցած իր ելույթում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր՝ վարչապետ լինելու դեպքում երկրի արտաքին քաղաքականության հիմքում դրվելու է Հայաստանի ու Արցախի շահը:
Նա կրկնեց, որ Հայաստանը շարունակելու է մնալ ԵԱՏՄ անդամ, իսկ իրենք գործադրելու են ամեն ջանք՝ այս կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը դարձնել առավել արդյունավետ:
«Հայաստանը կշարունակի նաև մնալ ՀԱՊԿ անդամ՝ անդամակցությունը առավել արդյունավետ դարձնելու խնդիրը հետապնդելով նաև այս կազմակերպությունում», - նշեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացումը իր ղեկավարած կառավարության գլխավոր առաջնահերթությունների թվում է:
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պետք է հիմնված լինեն բարեկամության, իրավահավասարության, առկա հարաբերություններում հարցերը համատեղ լուծելու պատրասակամության վրա: Մենք Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը դիտարկում ենք որպես Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր գործոն», - նշեց թեկնածուն:
Պատգամավորը առաջնահերթություն համարեց նաև Եվրոպական Միության հետ համագործակցությունը:
«Մենք ամեն ինչ անելու ենք հնարավորինս շուտ սկսելու Հայաստանի քաղաքացու համար ԵՄ երկրներ մուտքի արտոնագրի պահանջի վերացման հարցի շուրջ բանակցություններ», - նշեց նա: