Սերժ Սարգսյանի բնակարանային խնդիրը կառավարությունը կկարգավորի մեկ ամսվա ընթացքում
11.05.18 | 12:05
Կառավարության այսօրվա նիստին Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N 317-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Այն վերաբերում էր պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին սեփականության իրավունքով ապահովելու հարցին:
Դ. Հարությունյանը նշեց, որ 2018 թվականի մարտի 29-ին կառավարությունը որոշում ընդունեց որոշակի շինություն տրամադրել պաշտոնաթող նախագահին, սակայն վարչապետ Սերժ Սարգսյանը հանձնարարեց, որ որոշման կետերը ուժի մեջ մտնեն այն ժամանակ, երբ ինքն այլևս վարչապետ չի լինի:
Հարությունյանն ընդգծեց, որ այսօր Սարգսյանը չի ղեկավարում կառավարությունը, և օրենքով նախատեսված է սա:
Նա նաև հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը վերջին պաշտոնաթող նախագահն է, որն օգտվում է այդ իրավունքից, որովհետև մյուսների համար այլևս նման սոցիալական երաշխիք չեն նախաձեռնել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ խնդիրը պարզ է. տեղի է ունեցել կառավարական առանձնատներից մեկի սեփականաշնորհում, և հիմա անհրաժեշտություն է առաջացել այդ հատվածի սեփականաշնորհման համար որոշումը չեղյալ հայտարարել ու գտնել այլ որոշում:
Նա հանձնարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին մեկ ամսվա մեջ Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված կարգով երաշխիքներն ի կատար ածել, այսինքն՝ սեփականություն տրամադրել:
aysor.am