Ռումինիայի խորհրդարանի կողմից հնարավորինս շուտ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի վավերացումը կարևոր է. Սերգեյ Մինասյան
11.05.18 | 15:45
Մայիսի 10-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպել է Ռումինիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի նախագահ Կալին Պոպեսկու-Տարիչեանուի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը մասնակցել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Ոսկանյանը:
Սերգեյ Մինասյանը կարևորել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Ռումինիայի խորհրդարանի կողմից հնարավորինս շուտ վավերացումը, անդրադարձել ղարաբաղյան հիմնախնդրին՝ նշելով, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորումը և այդ համատեքստում բարձր է գնահատում վերջին տարիների ընթացքում հարցի նկատմամբ Ռումինիայի հավասարակշռված դիրքորոշումը:
Անդրադարձ է եղել այս տարվա հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի XVII գագաթնաժողովին և այս առումով ռումինական կողմից բարձր մակարդակով մասնակցության կարևորությանը, ինչպես նաև հայ-ռումինական միջխորհրդարանական կապերի ակտիվացման անհրաժեշտությանը:
Հանդիպման վերջում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները: