Video. Ցավալի թյուրիմացություն է, և մանրախնդրություն մեր գործունեության մեջ չի լինելու. Փաշինյանը՝ ԱԺ նախագահին հրավիրել-չհրավիրելու մասին
29.05.18 | 12:21
Առաջին հանրապետության 100-ամյակի միջոցառումներին ԱԺ նախագահի չմասնակցելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թյուրիմացության հետևանք է համարում։
«Պարոն Բաբլոյանը հրավիրված է եղել, և ես կարծում եմ, որ անցումային շրջանի հետ կապված որոշակի թյուրիմացություն է եղել, որը ցավալի թյուրիմացություն է։ Ես հույս ունեմ, որ բոլորս հասկանում ենք, որ... Ես հասկանում եմ, որ Հայաստանում բոլոր հարցերը վարչապետի մակարդակով են քննարկել և լուծել, ու քանի որ գործող վարչապետը հարկ չի համարում մտնել բոլոր մանրամասների մեջ՝ ով ինչ հագնի, ով ինչ խոսի, ով ինչ դեմքի արտահայտություն ընդունի, էդպիսի թյուրիմացություններ կլինեն», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ պատասխանելով Բաբլոյանին հրավիրել-չհրավիրելու մասին հարցերին։
Վարչապետի խոսքով՝ համակարգը, հավանաբար, գործում է նախկին իներցիայով, երբ իշխանությունը ընդդիմության համար տհաճություններ է ստեղծել։
«Այդ տրամաբանությունը չպետք է գործի», - հավելեց վարչապետը։
Անդրադառնալով երեկվա միջոցառման բովանդակությանը՝ վարչապետն ասաց, որ ընդհանուր առմամբ եղել են խնդիրներ։
«Անընդունելի բաներ կային, կային նաև թյուրիմացություններ։ Համոզված եմ, որ առաջիկայում կշտկվեն։ Նաև համոզված եղեք, որ մանրախնդրության որևէ էլեմենտ մեր գործունեության մեջ չի լինելու», - հավելեց Փաշինյանը։