ԵՄ-ից բյուջեին տրվող միջոցներ շատ դեպքերում փոշիացվել են տարբեր անկապ և անիմաստ ծրագրերի համար. Զոհրաբյան
31.05.18 | 11:25
ԵՄ-ից տրվող ֆինանսական հոսքերի վերաբերյալ քաղհասարակության տարբեր կազմակերպությունների մոտ կասկած կա, ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
«Քաղհասարակության տարբեր կազմակերպություններ մտահոգություններ ունեն, որ ԵՄ-ի կողմից տրվող դրամաշնորհներն ու բյուջեի ուղղակի ներարկումները շատ դեպքերում փոշիացվել են տարբեր անկապ և անիմաստ ծրագրերի համար։ Ինչ-որ 2-3 հատ մայկա են տպել ծխախոտի դեմ պայքարի համար և այլն», - նշեց Զոհրաբյանը։
Նա առաջարկեց, որ վստահության վերականգնման համար դրամաշնորհների ու բյուջեի ներարկումների առանվանզ 1-2 տարվա աուդիտի անհրաժեշտություն կա։
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդգծեց, որ եթե խոսքը բյուջեն շրջանցած ծրագրերի մասին է, որոնք պետական կառույցների հետ կապ չունեն, ապա դրանց դեպքում աուդիտը պետք է իրականացվի այն կառույցների կազմակերպաիրավական կարգավորումների համաձայն, որոնց միջոցով այդ ծրագրերը իրականցվում են։
«Ինչ վերաբերում է բյուջեին, ապա դրա հետ կապված ամեն տարի է աուդիտ արվում։ Յուրաքանչյուր տարվա համար դա ներկայացվում է, նաև Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը կա այդ մասով, իսկ եթե լրացուցիչ աուդիտի անհրաժեշտություն եք տեսնում, ապա դա նոր ծրագիր պետք է բյուջեում դառնա, որովհետև առանց վճարի այն հնարավոր չէ իրականացնել», - նշեց Ջանջուղազյանը։